Ինչո՞ւ է այդքան վտանգավոր նույն տեղում երկար նստելը

16 հունվարի, 2018  10:34

Եթե մարդը նույն տեղում երկար է նստում, նրա մոտ ճարպաշերտեր են առաջանում, ըստ որում՝ ներքին օրգանների շուրջը, ինչն առողջության համար շատ վտանգավոր է: Նրա կազմվածքի վրա սա կարող է անմիջապես չնդրադառնալ, բայց 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի հիվանդությունների հավանականությունը նկատելիորեն կաճի, նախազգուշացնում են մասնագետները:

Ինչպես ցույց է տվել Լեսթերի համալսարանի հետազոտությունը, նստակյաց մարդկանցից շատերը մեծ քանակությամբ ճարպ ունեն լյարդի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների շրջանում եւ ընդհանրապես ճարպաշերտեր որովայնի հատվածում:

Ինչպես հայտնի է, որովայնային ճարպի առատությունը կապված է ինսուլինային ռեզիստենտության, դիաբետի հավանականության գործոնի հետ: Այս ճարպաշերտերը նաեւ մեծացնում են քաղցկեղի, կաթվածի եւ սրտի մի շարք հիվանդությունների հավանականությունը:

Հաղորդվում է, որ  հետազոտության շրջանակում գիտնականները սքանավորել են 124 մարդու մարմինը, որոնց մոտ կարող էր դիաբետ զարգանալ: Մարդկանց նաեւ սարքեր են բաժանվել, որոնք հետեւել են ֆիզիկական ակտիվությանը: Գիտնականներին հետաքրքրում էր, թե շաբաթվա ընթացքում մարդիկ որքան են նստած անցկացրել: Նրանք միանշանակ կապ են հայտնաբերել որովայնային ճարպի եւ նստած մնալու երկարատեւության միջեւ: Ըստ որում՝ կապն առանձնապես մեծ է եղել այն դեպքերում, երբ մարդը շաբաթական 150 րոպե չի տրամադրել չափավոր ֆիզիկական ակտիվությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում