Մեծ կառույցը պետք է մեծ ադմինիստրացիա ունենա. միավորված հոգեբուժական կլինիկայի տնօրեն

19 հունվարի, 2018  16:06

Հոգեբուժական 2 կլինիկաների («Նորք» եւ «Նուբարաշեն») միավորման հիման վրա ստեղծված Հոգեկան առողջության պահպանման նորաստեղծ կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը առայժմ չի կարող ասել, թե 2 կլինիկաների միավորման արդյունքում քանի աշխատակից կկրճատվի, քանի որ գործընթացը դեռեւս շարունակվում է:

Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ «Նորք» կլինիկայից նախկին բժիշկների տեղափոխությունը (նոր կենտրոնը ստեղծվել է «Նուբարաշենի» հիմքի վրա) դեռեւս չի ավարտվել, նրանցից շատերն առայժմ վերջնական պատասխան չեն տվել՝ արդյոք կաշխատեն նոր կենտրոնում: Նրա խոսքով՝ միավորման գործընթացում նախատեսվում է ընդհանուր 45 հաստիք կրճատել, հիմնականում ադմինիստռացիայի աշխատակիցներ: Նա հավաստիացրեց, որ կրճատումները բուժական մասին չեն վերաբերի, եթե, իհարկե, խոսքը կենսաթոշակային տարիքի բուժաշխատողների մասին չէ:

Հարցին՝ չնայած նախատեսվում է ադմինիստրացիայի հաստիքների կրճատում, կլինիկայի աշխատակիցների տեղեկություններով՝ ինքն առայժմ այն ընդարձակում է, Միրիջանյանը դարձյալ պատասխանեց, որ գործընթացը դեռեւս շարունակվում է: «Եվ հետո մենք մեծ կառույց ենք, եւ  պետք է մեծ ադմինիստրացիա ունենանք այն կառավարելու համար»,- նշեց նա:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ հաստատված է տեղակալի միայն մեկ հաստիք՝ որակի եւ փորձաքննության հարցերով: Ինչ վերաբերում է միջազգային կապերի հարցերով օգնականին, տնօրենը նշեց, որ ինքը նման օգնական ուներ դեռեւս «Նորքում» (նախկինում Գագիկ Միրիջանյանը ղեկավարել է «Նորք» կլինիկան), եւ նրա աշխատանքի շնորհիվ հաջողվել է միջազգային 3 համաձայնագիր ստորագրել: «Այս համաձայնագրերը մեզ հնարավորություն են տալիս մեր մասնագետներին ուղարկել արտասահման սովորելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախկին «Նորք» կլինիկայի հիվանդներին, ապա 45 մարդուց 32-ը իրենց ցանկությամբ նոր կենտրոն են տեղափոխվել, իսկ մնացյալը՝ «Ավան» հոգեբուժական կլինիկա:

Ինչպես հայտնեց Գագիկ Միրիջանյանը, «Նորք» կլինիկայի հիմքի վրա գործող հոգեբուժության ամբիոնը նույնպես բաժանվել է նոր կենտրոնի եւ «Ավան» ԲԿ-ի միջեւ: Իսկ ուսանողների, նաեւ Երեւանում բնակվող բժիշկների եւ հիվանդների ազգականների հարմարավետության համար Հոգեկան առողջության պահպանման կենտրոնը գործարկել է անվճար ավտոբուսային երթուղի: Նա նաեւ հավելեց, որ ծրագրում է բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը եւ Կենտրոն գրավել երիտասարդ կադրերի:

Նոր կենտրոնի մահճակալային ֆոնդը ներկայումս կազմում է 350 մահճակալ, որը կարող է մի փոքր մեծացվել, իսկ ընդհանրապես կենտրոնը նախապես նախատեսված էր 500 հիվանդի սպասարկման համար (այսօրվա դրությամբ կա 360 հիվանդ):

Գագիկ Միրիջանյանը համաձանվեց լրագրողների հետ, որ կլինիկայի շենքը լավագույն վիճակում չէ, եւ հավելեց, որ ղեկավարությունը ծրագրում է այս տարի վերանորոգման համար 25-30 մլն դրամ ծախսել: Ինչ վերաբերում է պատուհանների ճաղավանդակներին, ապա նշեց, որ դրանք դրվում են բացառապես հիվանդների անվտանգության պահանջներից ելնելով, եւ կարելի է փոխարինել հարվածակայուն պատահունաններով։ Սակայն կլինիկան դեռեւս նման փողեր չունի: «Հավատացեք, պատուհանների ճաղավանդակները մեր ամենաառաջնահերթ խնդիրը չէ»,- հավաստիացրեց նա:

Գագիկ Միրիջանյանը նաեւ հայտնեց, որ Հոգեկան առողջության պահպանման կենտրոն նոր անվանումը նոր հայեցակարգ է: Այն ենթադրում է զուտ բուժական հաստատություն հասկացությունից հրաժարում. այստեղ կիրականացվի ե՛ւ կրթական, ե՛ւ գիտական գործունեություն:

Տնօրենը ծրագրում է նաեւ վերակենդանացնել այստեղ խորհրդային տարիներին գործած ջերմոցը՝ հիվանդների հետ աշխատանքային թերապիա անցկացնելու համար: Ներկայումս նրանց բուժման համար արդեն կիրառվում է արտթերապիա՝ նկարչություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում