Երեւանում եռյակ է ծնվել՝ մեկ աղջիկ եւ երկու տղա

22 հունվարի, 2018  15:42

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում  եռյակ է ծնվել՝ մեկ աղջիկ եւ երկու տղա: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, երեխաները անհաս են ծնվել՝ հղիության 29-րդ շաբաթում. ծնվելիս աղջիկը կշռել է 1300 գրամ, տղաները՝ 1280 եւ 1270 գրամ:

Երեխաները ծնվել են հունվարի 12-ին եւ դեռեւս հիվանդանոցային պայմաններում ինտենսիվ խնամքի կարիք ունեն, այս պատճառով առայժմ վաղ է խոսել նրանց հիվանդանոցից դուրս գրելու մասին: Տնօրենի խոսքով՝ ներկա պահին երեքի վիճակը կայուն է, ստանում են իրենց անհրաժեշտ բուժում, այդ թվում՝ թանկարժեք սուրվանտա դեղամիջոցը, որը վերականգնում է անհաս նորածինների թոքերի մակերեւութային ակտիվությունը:

Ինչպես նշեց տնօրենը երեխաները արտամարմնական բեղմնավորմամբ չեն հղիացվել, սակայն նրանց ծնողները ինչ-որ ժամանակ անպտղության դեմ բուժվել են, ուստի նաեւ չի կարելի այս «հղիությունը» լիովին բնական համարել:

Նշենք, որ 2017 թվականին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 4 եռյակ էր ծնվել՝ 12 երեխա, որոնցից 11-ը դուրս է գրվել եւ ծնողների հետ տուն ուղեւորվել, չի հաջողվել փրկել միայն մեկին, որը խորը անհաս էր ծնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում