Ծխելու համար մեծ տուգանքներ պետք է լինեն, այլ հարց է՝ օրենքը կկիրառվի՞, թե՝ ոչ. փորձագետ

27 հունվարի, 2018  17:11

Կան միջազգային հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե պետությունը տուգանքներ է սահմանում այն չափով, որոնք տուգանվողին զգալի վնաս չեն հասցնում, այդպիսով նա օրինականացնում է խախտումը: Այսինքն՝ քաղաքացին փաստացի փողի դիմաց գնում է այդ խախտումն անելու իրավունք: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ,  «ՄԻԲՍ Երեւան» ընկերության ղեկավար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» նոր օրինագիծը չի առաջարկում չափազանց բարձր, Հայաստանի բնակիչների աշխատավարձերի հետ անհամադրելի տուգանքներ:

Նրա խոսքով, ըստ գործող օրենքի, տրանսպորտում ծխելու համար տուգանքը կազմում է 3000 դրամ: «Եվ քանի դեռ դու ունես այդ 3000 դրամը, պետությունից գնում ես տրանսպորտում ծխելու իրավունքը: Սակայն տուգանքի իմաստը դա չէ: Այսինքն, եթե պետությունը տուգանում է դրա համար, դա վատ է, ավելի լավ է՝ ընդհանրապես չտուգանել», - ասաց նա՝ հավելելով, որ տուգանքի իմաստն այն է, որ մարդը չկարողանա իրեն թույլ տալ խախտել օրենքը: «Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ էմոցիոնալ եւ ֆինանսական ազդեցությունը պետք է այնքան ուժեղ լինի, վնասը խախտումից պետք է այնքան մեծ լինի, որ մարդը պարզապես չծխի», - նշեց Արսեն Թորոսյանը:

Նա բերեց ամրագոտիների օրինակը. շատ վարորդներ շարունակում են չկապել ամրագոտիները, 5000 դրամ տուգանք են վճարում, սակայն դրանով նրանք շարունակում են իրենց վտանգի ենթարկել, ինչի մասին վկայում է Հայաստանի ՃՏՊ անմխիթար վիճակագրությունը:

«Եթե պետությունն իրոք որոշել է պայքարել հանրային վայրերում ծխելու դեմ, ապա տուգանքների չափերը հենց այսպիսին պետք է լինեն»,- ասաց նա:

Այլ բան է, որ, ըստ Արսեն Թորոսյանի, մեծ է այն հավանականությունը, որ այս օրենքն էլ չի գործի, ինչպես եւ ներկայիս օրենքը:

«Ըստ ինձ՝ ո՛չ կառավարությունը, ինչքան ուզում է լոբբինգ անի, ո՛չ նախագահականը, ո՛չ էլ Ազգային ժողովը ոչ մի կերպ շահագրգռված չեն այս օրենքն անցկացնելու համար։ Շահագրգռված են միայ ոլորտի պատասխանատուները, որոնք ցավ են ապրում, որ մենք դեռ հետ ենք աշխարհից այս հարցում։ Հետեւաբար, եթե նույնիսկ ԱԺ–ում պատգամավորների մեծամասնությանը հրահանգ իջեցվի, որ պետք է կողմ քվեարկել, եւ նույնիսկ ընդունվելու դեպքում օրենքի կիրառման ոչ մի երաշխիք չկա», - ասաց փորձագետը:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ դա Հայաստանում տեղի է ունենում բազմաթիվ օրենքների հետ: Օրինակ, անվտանգության գոտիների օգտագործման մասին օրենքը միշտ գործել է, բայց մի օր ինչ-որ մեկը տուգանքներ կիրառելու մասին հրաման տվեց, եւ վարորդներին սկսեցին տուգանել: Այսինքն, քանի դեռ չկա վերին ղեկավարության քաղաքական կամքն օրենքի թեկուզ մասնակի կիրառման համար, որեւէ օրենք չի գործի:

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ով է մտնելու ռեստորաններ եւ տուգանելու», - ասաց նա՝ հավելելով, որ օրինագծով լիազորված մարմինները ոստիկանությունն է, տեղական ինքնակառավարման մարմինները, տրանսպորտի նախարարությունը, առողջապահության նախարարությունը եւ մի շարք այլ գերատեսչություններ: «Մի կողմից լավ է, որ համապարփակ է, մյուս կողմից պատասխանատվության ցրում է տեղի ունենում», - ասաց նա:

Իսկ հետո, ըստ նրա, ինչպե՞ս է ոստիկանության տեսուչը վարորդին տուգանելու մեքենայի մեջ ծխելու համար, եթե ինքը ծխում է մեքենայի ղեկին: Տուգանել կարող է նա, ով ինքը օրգանապես այդպես է մտածում կամ եթե նա ֆինանսական հետաքրքրվածություն ունի, հավելեց Արսեն Թորոսյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ պարզապես չի պատկերացնում, թե ով եւ ինչպես է տուգանելու ռեստորանում ծխողներին. «Այցելուները ոստիկանությու՞ն են կանչելու, եթե իրենց կողքին ինչ-որ մեկը ծխի, թե՞ ոստիկանները կամ որեւէ տեսչություն մշտական ստուգումներ է անցկացնելու ռեստորաններում»:

Փորձագետը հիշեցրեց, որ ըստ օրինագծի նախատեսվում է նաեւ տուգանել հաստատությունների ղեկավարներին, ընդ որում՝ խոշոր չափերով: Դա, ըստ նրա, կարող է հանգեցնել նրան, որ ռեստորանների սեփականատերերը իրենք կարգելեն ծխել իրենց հաստատություններում:

«Այն, որ օրենքն անհրաժեշտ է՝ չնայած դրա կիրառման հետ կապված բոլոր հնարավոր դժվարություններին, դա ինձ համար միանշանակ է: Այս հարցում մենք տարածաշրջանում մեր հարեւաններից շատ հետ ենք: Վրաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ շատ խիստ հակածխախոտային օրենքներ են ընդունել»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը օրինագիծ է ներկայացրել «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխման մասին», որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները.

տրանսպորտի բոլոր տեսակներում (ներառյալ օդային, ջրային, էլեկտրական, երկաթուղային), ինչպես նաեւ ավտոբուսի կանգառներում, երկաթուղային կայարաններում եւ օդանավակայաններում (բացառությամբ հատուկ առանձնացված վայրերի) ծխելու համար սահմանվում է 100.000 դրամ տուգանք: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար՝ 200 000 դրամ:

Ուղեւորատար տրանսպորտի վարորդները տրանսպորտային միջոցում ծխելու համար կտուգանվեն 50 000 դրամի չափով:

Հանրային վայրերում եւ փակ տարածքներում ծխելու արգելքի խախտման համար առաջարկվում է 250 000 դրամ տուգանք սահմանել: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար՝ 500 000 դրամ:

Հաստատություններում ծխելու արգելքի մասին տեսանելի վայրում հայտարարություններ չտեղադրելու համար դրանց ղեկավարները կտուգանվեն 100.000 դրամի չափով:

Փակ տարածքներում ծխելու արգելքին չհետեւելու համար դրանց ղեկավարները կտուգանվեն 500 հազար դրամի չափով: 3 ամսվա ընթացքում կրկնակի խախտման համար կրկնակի տուգանք կկիրառվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում