Ասայի հրաշագործ պտուղները

29 ապրիլի, 2014  17:54

Ասայի պտուղները վերջին ժամանակներս լայնորեն գովազդվում են որպես նիհարելու հրաշագործ միջոց: Փորձագետներն ասում են , որ չնայած մարքեթինգային իրարանցմանը, այս տրոպիկական պտուղները շատ օգտակար են առողջության համար:

Գիտնականները պարզել են, որ պտղի բացառիկ սննդային հատկությունները կարող են բարելավել մարդու օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը, հաղորդում է Newsmax Health-ը:

«Ասային այնքան հարուստ է սննդանյութերով, որ միայն դրանցով սնվելու դեպքում մարդը կարող է երկար գոյատեւել,- ասում է Ալեքսանդր Շաուսը, ով հետազոտել է ասային 20 տարի եւ ընհանրացրել իր եզրակացությունները «Ասայի. Հակաօքսիդանտներով չափազանց հարուստ պտուղ Ամազոնիայից» գրքում:

Ըստ նրա, պտուղը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները հանքանյութերը եւ ամինաթթուները (սպիտակուցի համար), ինչպես նաեւ առողջ ճարպեր եւ բջջանյութ: Ոչ ոք չի ասում թե միայն ասայի պտուղներ պետք է ուտել, բայց պտուղը պարունակում է սննդանյութեր, որոնք կանխարգելում են հիվանդությունները եւ վաղաժամ ծերացումը:

«Աուտոիմուն հիվանդություններով մարդիկ կարող են զգալիորեն բարելավել իրենց վիճակը, իսկ ֆիբրոմիալգիայով մարդիկ սովորաբար ասում են. «ես ինձ բոլորովին այլ մարդ եմ զգում»»,  ասում է Շաուսը: Ցրված սկլերոզով, ռեւմատոիդ արթրիտով, կոլիտով եւ Կրոնի հիվանդությամբ մարդիկ նույնպես կարող են բավականին թեթեւացում զգալ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ պտղում ուժեղ հակաօքսիդանտների համակցությունը հակաբորբոքային ազդեցություն ունի եւ կարող է պաշտպանել բջիջները մուտացիայից եւ քաղցկեղային բջիջների ձեւափոխվելուց, պաշտպանել ուղեղը թրոմբից եւ աթերոսկլերոզից: Պտուղը նաեւ կարող է մեղմել ցավերը հոդերում ու մեջքում եւ իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը՝ դրանով իսկ իջեցնելով սրտային հիվանդությունների եւ դիաբետի առաջացման վտանգը, եւ հավելյալ օգնում է նաեւ վերահսկել քաշը:

Քանի որ հակաօքսիդանտները արգելակում են բորբոքումը, պտուղը հիվանդությունների դեմ պայքարելու հսկա պոտենցիալ ունի եւ դանդաղեցնում է ծերացումը:

Ասային մուգ մանուշակագույն հատապտուղներ են, որոնք աճում են շատ բարակ արմավենիների վրա, Ամազոնիայի եւ Բրազիլիայի տրոպիկական անտառներում: Նրանք նման են մանուշակագույն խաղողի, սակայն պտղի ներսում գտնվում է մեծ կորիզը: Ամազոնիայում մարդիկ երբեմն օրական մեկ լիտրից ավելի ասայիի հյութ են խմում:

Ասայի պտուղները վաճառվում են առողջ սննդի խանութներում կամ համացանցում տարբեր ձեւերով, այդ թվում՝ փոշիների, հյութերի, սառեցված փաթեթների եւ պատիճների տեսքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում