Ահարոն Ադիբեկյանը կիսվեց իր փորձով. Անհրաժեշտ է ծխելն աստիճանաբար թողնել

31 հունվարի, 2018  16:24

Անհրաժեշտ է ծխելն աստիճանաբար թողնել, քանի որ ծխախոտը սոցիալական դրական հետեւանքներ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա խոստովանեց, որ վերջին 33 տարիներին օրական 20 հատ ծխախոտ է ծխել, որից 20 տարի՝ խորհրդային ծխախոտ: «Ես հասկացա, որ պետք է ծխելն աստիճանաբար թողնել, քանի որ ծխելը սոցիալական դրական հետեւանքներ ունի: Այն ինչ-որ բանի է փոխարինում: Լրացնում է այն պակասը, որը ծխողն ունի: Այդ պատճառով անհրաժեշտ է աստիճանաբար թողնել, եւ մարդը պետք է հասկանա՝ իրեն ինչը չի բավականացնում, որ այդ պակասը փոխհատուցի»,- ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ ծխելու սաստիկ ցանկության դեպքում, օրինակ, կարելի է սեւ թեյ խմել, քանի որ այն տանին է պարունակում, որը ինչպես կոֆեինն ու նիկոտինը, նույնպես ալկալոիդներին է պատկանում, որոնք անոթները լայնացնող եւ տոնուսավորող ազդեցություն են ունենում:

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց «Սոցիոմետր» կենտրոնի վիճակագրությունը, որը, նրա խոսքով, միջազգայինից փոքր-ինչ տարբերվում է, այսինքն՝ նրանց ցուցանիշները ավելի բարձր են: Այսպես՝ միջազգային տվյալներով Հայաստանում ծխում է տղամարդկանց 43 տոկոսը, կանանց 1.5 տոկոսը: Ըստ Սոցիոմետրի տվյալների՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը, իսկ կանանց 3 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում ծխում է յուրաքանչյուր չորրորդ մեծահասակ բնակիչը:

Նա նշեց, որ ծխելու դեմ պայքարի մի քանի միջոց կա: Առաջին՝ քարոզչություն եւ բացատրական աշխատանքներ, եւ դրանք, նրա խոսքով,  լավ արդյունքներ են տալիս: Մասնավորապես՝ Հայաստանի այն դպրոցներում, որտեղ անցկացվել է հակածխախոտային քարոզչություն, նկատվել է ծնողների շրջանում ծխողների թվի մեկ երրորդով կրճատում:

Երկրորդ՝ դա սահմանափակող միջոցներ են: Օրինակ՝ հասարակական վայրերում ծխելու արգելքը: Եվ երրորդ՝ ծխելու համար պատիժն է: Օրինակ, նրա խոսքով, ԱՄՆ-ում ծխողների աշխատավարձը 10 տոկոսով կրճատում են, որովհետեւ համարվում է, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը ցածր է, եւ նրանք հաճախակի են հիվանդանում:

Երբ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում արգելեցին բանտերում ծխել, հանցագործությունների թիվը կրճատվեց, քանի որ գողերը չէին գողանում, որ բանտում չհայտնվեն, որտեղ չէին կարող ծխել, հավելեց սոցիոլոգը:

Դրա հետ մեկտեղ, նա նաեւ զգուշացրեց, որ ծխելու դեմ պայքարը կարող է թմրամոլության աճի բերել:

Ըստ որում՝ սոցիոլոգի գնահատմամբ՝ Հայաստանում ծխախոտի օգտագործումը կրճատվել է ոչ թե քարոզչության, այլ արտագաղթի եւ թանկացման պատճառով:

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ մի հարցման արդյունքներ, որոնք ցույց են տվել, որ Հայաստանում ծխողների 35 տոկոսը ծխելուց կհրաժարվի, եթե ծխախոտը թանկանա, 50 տոկոսը կշարունակի ծխել նույնիսկ սնունդի ծախսերի հաշվին, իսկ 15 տոկոսն այնքան փող ունի, որ այդ թանկացումը չի ազդի նրանց ծխելու կամ չծխելու որոշման վրա: Այսինքն, սոցիոլոգի խոսքով, հարցը չի լուծվի միայն թանկացմամբ, համալիր մոտեցում է անհրաժեշտ, եւ անհրաժեշտ է, որ ընտանիքներն իրենք իրենց տանը պայքարեն ծխողների դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար: Օրենքի նախագիծը ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում՝ ներառյալ գրասենյակներում, բարերում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ տրանսպորտի մեջ, կայարաններում, օդանավակայաններում եւ ավտոբուսի կանգառներում: Օրինագծով առաջարկվում է օրենքի խախտման համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից 500 հազար դրամի չափով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում