Պետությունը ծխախոտի վաճառքից տնտեսական օգուտ չունի, քանի որ ծխելու հետեւանքների բուժումը ավելի թանկ արժե, քան ծխախոտի արտադրանքից եւ վաճառքից շահույթն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ի պատասխան NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ծխախոտի իրացումից պետությունը տնտեսապես շահո՞ւմ է, թե՞ կորցնում:
Նա նշեց, որ Հայաստանում մշտական ծխող է 600 հազար մարդ: Եթե համարենք, որ նրանք 3 օրում միջինը մեկ տուփ (20 հատ) ծխախոտ են ծխում, եւ տուփն արժե 50 ցենտ, ապա նրանք միասին ծխախոտի վրա օրական 100 հազար դոլար են ծախսում, իսկ 100 օրում՝ 10 մլն դոլար: «Եվ այս ամբողջ փողը ծխի է վերափոխվում»,- ասաց նա:
Սոցիոլոգի տվյալներով՝ աշխարհում տարեկան 5,5 մլն մարդ է մահանում, 1,5 մլրդ-ը կախվածություն ունի: Եթե միտումները շարունակվեն, ապա մահվան դեպքերի թիվը կաճի մինչեւ տարեկան 30 մլն: Իսկ սա լուրջ սպառնալիք է, հատկապես ցածր ծնելիությամբ զարգացած երկրների համար:
Նա նշեց, որ ծխախոտային արտադրանքի արգելքի հետեւանքով ծխախոտ արտադրող ընկերությունների առջեւ հարց է բարձրանում՝ ինչպե՞ս վարվել իրենց արտադրության հետ, մարդկանց հետ, որոնք այնտեղ աշխատում են: Եվ սա իրոք լուրջ խնդիր է, այստեղ ամբողջ շղթայում գործում են տասնյակ հազարավոր մարդիկ՝ արտադրությունից մինչեւ իրացում: Անհնար է նրանց բոլորին մեկ օրում գործազուրկ դարձնել: Այս պատճառով անհրաժեշտ է ամեն ինչ աստիճանաբար անել, եւ ծխելու աստիճանական կրճատման զուգահեռ այս ընկերությունները պետք է մտածեն, թե իրենց արտադրություններն ինչպես վերակազմակերպեն, հավելեց նա:
Հայաստանի Հակաքաղցկեղային լիգայի նախագահ, բժիշկ Արամ Բադալյանը հավելեց, որ եվրոպական երկրներում ծխողների աշխատավարձն ավելի ցածր է, քան չծխողներինը: Նույնպիսին է նաեւ ապահովագրական ընկերությունների մոտեցումը՝ նրանք ծխողներին ավելի քիչ բժշկական ծառայություններ են մատուցում:
«Ես չգիտեմ՝ սրանից արդյոք երկիրը տնտեսապես շահում է թե չէ, բայց այն մի բանում է շահում՝ ունենում է առողջ բնակչություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար:
Օրենքի նախագիծը արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում՝ ներառյալ գրասենյակներում, բարերում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ տրանսպորտի մեջ, կայարաններում, օդանավակայաններում եւ ավտոբուսի կանգառներում: Օրինագծով առաջարկվում է օրենքի խախտման համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից 500 հազար դրամ չափով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում