ԱՄՆ կոնգրեսի կոմիտեն, որը հետաքննում է ԱՄՆ-ում օփիոիդային համաճարակը, հայտնաբերել է, որ վերջին տասը տարիներին երկու դեղագործական ընկերություններ ավելի քան 20 մլն օքսիկոդոնի ու հիդրոկոդոնի հաբ են ուղարկել Արեւմտյան Վիրջինիայի փոքր քաղաքներից մեկը, որտեղ ընդամենը 2900 մարդ է բնակվում։
2006-2016 թթ․ Miami-Luken ու HD Smith ընկերությունները հիդրոկոդոնի 10․2 մլն ու օքսիկոդոնի 10․6 մլն հաբ են ուղարկել «Tug Valley» ու «Hurley Drug» դեղատներ։ .
Հանձնաժողովի տվյալներով՝ Miami-Luken-ի աշխատակիցը հայտնել էր այն մասին, որ 2015-ին օքսիկոդոնի դեղատոմսերի ավելի քան 40 տոկոսը Վիրջինիայի բժիշկներից մեկն է դուրս գրել։ Վիրջինիայի Բժշկության խորհուրդը բժշկին զրկել է լիցենզիայից՝ պատճառաբանելով, որ նրա պրակտիկան իրենից ներկայացնում է «զգալի վտանգ բնակչության առողջության ու անվտանգության համար»։
Երկու ընկերություններն էլ պետք է մինչեւ փետրվարի 9-ը տրամադրեն համապատասխան փաստաթղթերը, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչ միջոցառումներ են իրենք ձեռնարկել, որպեսզի վերջ տան Արեւմտյան Վիրջինիա ցավազրկող միջոցների մատակարարումների հոսքին։
Հայտնում են, որ երկու ընկերությունները վերջերս են Արեւմտյան Վիրջինիայում կարգավորել դատական հայցերը ՝ ցավազրկող դեղամիջոցների մեծաքանակ մատակարարումների մեղադրանքով։ HD Smith ընկերությունը պետությանը վճարել է 3,5 միլիոն դոլար, իսկ Miami-Luken –ը՝ 2,5 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օփիոիդային համաճարակը վերջերս սպառնալի ծավալների է հասել։ ԱՄՆ թմրադեղերի դեմ պայքարի վարչության գնահատականով՝ այսօրվա դրությամբ դեղամիջոցների չարաշահումից ամեն օր մահանում է ԱՄՆ 144 քաղաքացի։ Մահերի կեսից ավելին՝ 63 տոկոսը, բաժին է ընկնում օփիոիդային խմբի դեղատոմսերով վաճառվող դեղամիջոցների չարաշահմանը։
Դոնալդ Թրամփը այս իրավիճակը պաշտոնապես որակել է ազգային աղետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում