Հիվանդանոցում մահանալու հավանականությունն ավելի բարձր է հանգստյան օրերին ու գիշերները

1 փետրվարի, 2018  10:28

Հիվանդանոցում սրտի աշխատանքի կանգառից հետո հիվանդների ապրելիությունը զգալիորեն ցածր է գիշերային ժամերին ու հանգստյան օրերին, այս մասին են վկայում Journal of the American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։

«Սրտի աշխատանքի ներհիվանդանոցային կանգառների գրեթե 50 տոկոսը տեղի է ունենում «ոչ աշխատանքային» ժամերին։ Եթե մենք կարողանանք բարձրացնել ապրելիությունը ոչ աշխատանքային ժամերին սրտի աշխատանքի կանգառից հետո, դա  կարող է անդրադառնալ հսկայական քանակության հիվանդների կյանքի վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ուչեննա Օֆոման ՝ Փենսիլվանիա նահանգի Գայսիների բժշկական կենտրոնից։

Հետազոտողները ուսումնասիրել են 151 071 հիվանդների տվյալներ, որոնք 2000-2014 թթ ժամանակահատվածում սրտի աշխատանքի կանգառ են ունեցել։ Նրանք «ոչ աշխատանքային ժամանակ» են համարել 23։00-6։59 ժամանակահատվածը՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, կամ էլ հանգստյան օրերի բոլոր ժամերը։ Իսկ աշխատանքային է համարվել երկուշաբթիից ուրբաթ 7։00-22։59 ժամանակահատվածը։

Պարզվել է, որ 2004-2014 թթ․ ընդհանուր առմամբ նման հիվանդների ապրելիությունը զգալիորեն բարձր է եղել թե աշխատանքային ժամերին , թե ոչ աշխատանքային ժամերին։ Այդուհանդերձ, ապրելիությունը զգալիորեն ցածր է եղել ոչ աշխատանքային ժամերին՝ հետազոտության վերջին տարվա ընթացքում բացարձակ տարբերությունը կազմել է 3․3 տոկոս։ 2009-ին այդ ցուցանիշը հասել էր 5․3 տոկոսի։

Հետազոտողները առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք կարող էին բացատրել նրանց եզրակացությունները։

Հիվանդանոցներում սովորաբար գիշերները ու հանգստյան օրերին փոխում են իրենց աշխատակիցների կազմը, ինչը հանգեցնում է բժիշկների ու փորձառու աշխատակիցների քանակի կրճատման։ Գիշերային հերթափոխով կամ հանգստյան օրերին աշխատող բժիշկները կարող են այլ կերպ հոգ տանել հիվանդների մասին, որոնց հետ «նվազ ծանոթ» են, քան այն բժիշկները, որոնք աշխատում են աշխատանքային օրերին ցերեկային ժամերին ։ Բուժքույրերի ու հիվանդների քանակության հարաբերակցությունն ավելի ցածր է ոչ աշխատանքային ժամերին։ Նաեւ ապացուցվել է, որ գիշերային աշխատաժամերն ազդում են աշխատակիցների պսիխոմոտորային հմտությունների ու նրանց կողմից մասնագիտական գործունեության՝ օրինակ սրտի ու թոքերի ռեանիմացիայի իրականացման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում