Մասիսի ԲԿ-ի տնօրենի արարքը բավական կրեատիվ է. Նախարար

7 փետրվարի, 2018  19:09

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի արարքը բավական կրեատիվ է, կարծում է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշե լ է, թե իրեն դուր են եկել մեթոդները, որոնց դիմել էր ԲԿ տնօրենը քաղաքացիների դժգոհությունների պատճառները պարզելու համար, քանի որ հենց տնօրենի պարտականությունն է վերահսկել հիվանդներին տրվող ծառայությունների որակը։

Նախարարը նշել է, թե բուժկենտրոնում ընթացող հետաքննությունը պարզելու է, թե որն է եղել ոչ հավաստի անալիզների ստացման պատճառը՝ աշխատակիցների ոչ արհեստավարժությունը, թե այլ։ «Հնարավոր է, ինչ-որ կողմնակի մեկը շեղել է, խանգարել, ամեն ինչ կարող է լինել»,- ասել է Ալթունյանը։ Նա նշել է, թե իր կարծիքով, մարզային բուժկենտրոնների մեծամասնությունում աշխատողները բարեխիղճ են կատարում իրենց պարտականությունները։

Հիշեցնենք, որ Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում անալիզների անցկացման որակի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո ԲԿ տնօրեն Նունե Ավանեսյանը որոշել է 2 փորձ անցկացնել. նա իր արյան անալիզը հանձնել է 3 տարբեր անուններով եւ 3 տարբեր պատասխան է ստացել, որից հետո մեզի փոխարեն կանաչ թեյ է հանձնել եւ ստացել է հիվանդ մարդու իսկական մեզի անալիզի պատասխան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում