Ինչո՞վ է վտանգավոր օրգանիզմում յոդի դեֆիցիտը

14 փետրվարի, 2018  22:42

Յոդը վահանաձեւ գեղձի հիմնական բաղադրամասն է, որը կարգավորում է մեր նյութափոխանակությունը: Յոդի անհրաժեշտ քանակություն չստանալով՝ մարդիկ զարգացման լուրջ արատներով են տառապում, սակայն մեծ մասն անտեղյակ է, թե որքան յոդ է անհրաժեշտ օգտագործել, եւ որտեղից է այն վերցվում:

Սուրեյ համալսարանից Մարգարեթ Ռեյմանի անցկացրած հետազոտությունը մատնացույց է անում ժամանակակից «առողջ», առաջին հերթին բուսակերության սննդակարգերում յոդի անբավարարությունը, ինչը հղի կանանց մոտ յոդի դեֆիցիտի վտանգ է ստեղծում, հայտնում է BBC-ն:

«Յոդի դեֆիցիտը հեշտ է կանխարգելել, եւ այնուամենայնիվ, այն մնում է ամբողջ աշխարհում երեխաների սովորելու անընդունակության առաջացման հիմնական կանխելի պատճառը: Եթե հղի կնոջ օրգանիզմում յոդն անբավարար է, ապա նրա երեխաները սովորելու նկատմամբ անընդունակ են լինում կամ կարող են ունենալ բնածին հիպոտիրեոզ, որի դեպքում գերակայում է օրգանիզմի բոլոր ֆունկցիաների արգելակումը: Սա այն է, ինչը պատմության ընթացքում կրետինիզմ են անվանել»,- նշել է պրոֆեսոր Ռեյմանը:

Նախապես «կրետին» բառը վերաբերել է մարդկանց, որոնք Ալպերում բնակվել են այս համախտանիշով  տառապելով, որտեղ պատմականորեն յոդի սուր պակաս է զգացվում:

Պրոֆեսոր Ռեյմանը նաեւ հետազոտել է կենսաբանական նմուշները, որոնք 1990-ական թվականներին Անգլիայի արեւմուտքում վերցվել են 14 հազար հղի կանանցից, իսկ այնուհետեւ հետագա տարիներին հետեւել է նրանց երեխաների զարգացմանը:

Իր գործընկեր բժիշկ Սառա Բաթի հետ նա քննարկել է այս երեխաների մասին բոլոր հասանելի տվյալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով, թե նրանք որքան լավ են սովորում կարդալ, եւ նրանց մտավոր զարգացման գործակցին:

Բժիշկ Բաթը հայտնաբերել է, որ յոդի դեֆիցիտով մայրերից ծնված երեխաների շրջանում 8 տարեկանում ավելի մեծ է իրենց մտքերը բարձրաձայն արտահայտելու հետ կապված դժվարություններ ունենալու հավանականությունը, իսկ 10 տարեկանում նրանց համար ավելի է դժվարանում կարդալ եւ գրածը հասկանալ:

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ մոր մոտ որքան ուժեղ է արտահայտված յոդի դեֆիցիտը, այնքան նրանց երեխաները զարգանալու ընթացքում ավելի շատ դժվարություններ են ունենում:

Կանայք պետք է օրական 150-ից մինչեւ 300 միկրոգրամ յոդ ընդունեն, իսկ տղամարդիկ՝ 150 միկրոգրամ: Սակայն սնունդի մեջ յոդի մակարդակն անկայուն է, եւ բավական դժվար է հաշվել, թե հատկապես որքան յոդ չի ընդունվել:

Յուղոտ ձկան մեջ յոդն ավելի քիչ է, քան սպիտակ միս ունեցող ձկան մեջ: Ձմռանը կաթի մեջ յոդն ավելի շատ է, քան ամռանը, քանի ձմռանը անասունը ստանում է յոդի հավելմամբ կեր, իսկ ամռանը խոտ է արածում:

Ավելի լավ է տարատեսակ սննդակարգի հետեւել եւ չհրաժարվել սննդամթերքի մի ամբողջ շարք խմբերից, ինչպիսին են՝ միսը, կաթը կամ ձուկը, եթե ձեզ բժիշկը խորհուրդ չի տալիս դա անել:

Երկրների մեծ մասում, որտեղ հողի մեջ յոդի անբավարարություն կա, մասնավորապես՝ Հայաստանում, յոդն ավելացվում է կերակրի աղի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում