200 միլիոնից մեկը. ԱՄՆ-ում միաձու եռյակ է ծնվել (ֆոտո)

28 փետրվարի, 2018  12:46

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված միաձու եռյակ՝ տղաներ, որոնց անվանակոչել են Ռոն, Էլքան եւ Աբիշայ:

Տարաձու եռյակները բավական հաճախ են լույս աշխարհ գալիս, սակայն նույնը չի կարելի ասել միաձու եռյակների մասին. նման երեխաներ են ծնվում 200 միլիոնից մեկ դեպքում: Անցյալ անգամ միաձու եռյակ էր ծնվել 2013 թվականին Քալիֆորնիայում: Նրանք աղջիկներ էին՝ Էբբին, Բրինը եւ Լորելը:

Ռոնը, Էլքանը եւ Աբիշայը ծնվել են Կանզասի Թրումենի բժշկական կենտրոնում: Նրանց ծնողները՝ Նիքոլ եւ Քալեբ Չոգերը հղիության մասին իմացել են Քենիայում՝ ամուսնու հայրենիքում: Այնտեղ ապագա մայրիկին ասել են, որ երկվորյակ է ունենալու: ԱՄՆ-ում կրկնակի ուլտրաձայնային ախտորոշմամբ պարզվել է, որ փոքրիկները երեքն են:

Կինն, իհարկե, շատ էր անհանգստանում, սակայն արդյունքում հղիությունը բարեհաջող է տարել եւ բնական ծննդաբերությունը նախընտրել է կեսարյան հատումից: Տղաներն առաջին անգամ աշխարհը տեսան փետրվարի 22-ին՝ ժամկետից 1,5 ամիս շուտ ծնվելով:

Երջանիկ ծնողները, որոնք նաեւ ավագ որդի ունեն՝ 2 տարեկան Քորբենը, հայտնում են, որ նորածիններն առողջ են եւ իրենց լավ են զգում: Միակ բանը, որի համար Նիքոլն ու Քալեբը մտահոգվում են, փոքրիկների նյութական ապահովվածությունն է: Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դա անել Gofundme.com պորտալի նրանց էջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում