Հայաստանի ԱՆ-ն գարդասիլով պատվաստվածների փոքր թիվը այդ ծրագրի ձախողում չի համարում

3 մարտի, 2018  10:43

Այն փաստը, որ մինչեւ հիմա մարդու պապիլոմավիրուսի դեմ քիչ թվով աղջիկներ են պատվաստվել, չի վկայում այդ ծրագրի ձախողման մասին, կարծում են Հայաստանի Առողջապահության նախարարությունում: Այս մասին նշված է գերատեսչության պատասխանում NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ամսվա ընթացքում 176 պատվաստվածների թիվը չի՞ վկայում այդ ծրագրի ձախողման մասին, եթե տարվա համար նախատեսված է 16 հազար աղջկա պատվաստել: Մենք խնդրել էինք նաեւ տեղեկություն տրամադրել, թե քանի մարդ ուղղակի չի եկել պատվաստվելու, եւ քանիսն է գրավոր հրաժարվել:

Գերատեսչությունից նշեցին, որ 13 տարեկան աղջիկները դեռեւս կարող են տարվա ընթացքում գարդասիլով պատվաստվել, իսկ ծրագրի արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ այս աղջիկները 14 տարեկան դառնան:

«Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների իրականացումը պլանային գործընթաց է եւ նախատեսված է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում, հետեւաբար չի վկայում ծրագրի ձախողման մասին։ Ինչ վերաբերվում է հրաժարվելու մասին տեղեկատվությանը, ապա այն կամփոփվի նշված տարիքային խմբի 14 տարին լրանալուց հետո: Մինչ այդ՝ տարվա ընթացքում 13 տարեկան աղջիկները կարող են ստանալ պատվաստումը»,- նշված է Առողջապահության նախարարության պատասխանում, որը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ գարդասիլով պատվաստման ծրագրի ընթացքում, որը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին, պատվաստվել է 260 աղջիկ, մինչդեռ 13 տարեկան աղջիկների թիվը, որոնք պետք է պատվաստանյութը ստանան, կազմում է գրեթե 16 հազար: Ակնհայտ է, որ պատվաստման տեմպերն անբավարար են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում