Հակաբիոտիկների նոր դասը, որը մշակել են Լինքոլնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները, բժշկության մեջ, հնարավոր է, նոր դարաշրջան բացի. այս դեղամիջոցները, ինչպես նշված է Journal of Medicinal Chemistry-ում, կարող են ոչնչացնել այլ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ սուպերբակտերիաները:
Դեռեւս 2015 թվականին հայտնի է դարձել թեիկսոբակտին նյութի մասին, որը տոքսիկ ազդեցություն ունի ախտածինների վրա, ներառյալ ամենահզոր ու ագրեսիվ: Նոր հետազոտությունն իրականացնելիս գիտնականների առջեւ դրված էր թեիկսոբակտինի հասանելի նմանօրինակի սինթեզումը:
Հետազոտողները պետք է որոշեին, թե ինչպիսի հեշտ վերարտադրվող ամինաթթվով կարելի է փոխարինել նյութի բաղադրիչները: Արդյունքում նրանք կարողացել են ստանալ թեիկսոբակտինի պարզեցված ձեւը, որը փորձարկել են նախ լաբորատոր պայմաններում, իսկ այնուհետեւ մկների վրա: Ստացած արդյունքներն իրենք գիտնականները գնահատել են որպես բազմախոստումնալից:
Սուպերբակտերիաների խնդիրը ժամանակակից բժշկության ամենալուրջ գլոբալ խնդիրներից մեկն է. եթե գիտությունը հակաբիոտիկակայունության դեմ պայքարի նոր միջոցներ չգտնի, մարդիկ դարձյալ կսկսեն զանգվածաբար մահանալ ինֆեկցիաների հետեւանքով, որոնք 15-20 տարի առաջ արդյունավետորեն բուժվել են: Նույնիսկ կարծիք կա, որ կյանքի միջին տեւողությունը կնվազի եւ գրեթե այնքան կլինի, որքան եղել է մինչեւ հակաբիոտիկների հայտնագործությունը պատմական ժամանակահատվածում:
Գիտնականների գտածոն թույլ կտա ենթադրել, որ մռայլ կանխաեսումները դեռեւս իրականություն չեն դառնա:
«Թեիկսոբակտինի՝ որպես մարդկանց բուժման համար պիտանի հակաբիոտիկի մշակման ուղղությամբ դեռ շատ անելիք կա. դեռեւս 6-10 տարի է անհրաժեշտ, որ դեղամիջոց ստեղծվի, որը բժիշկները կկարողանան հիվանդներին նշանակել: Սակայն ճիշտ ուղղությամբ քայլը կատարված է»,- ասել է հետազոտության ղեկավար բժիշկ Իշվար Սինգհը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day