Կանեփի օգտագործումը կարող է կապված լինել քնի որակի վատթարացման հետ, չնայած օգտագործողներն իրենք հաճախ դա չեն նկատում։ Այսպիսի եզրահանգման են եկել Northwestern Medicine-ի հետազոտողները, որոնք մոտ 35 տարի հետևել են հետազոտության մասնակիցներին և գնահատել նրանց քնի առանձնահատկությունները կրիչ սարքերի օգնությամբ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 1985-1986 թվականներին սկսված երկարաժամկետ CARDIA ուսումնասիրության 1 266 մասնակիցների տվյալները: Միջին տարիքի մասնակիցները մեկ շաբաթ շարունակ իրենց դաստակներին կրել են քնի մոնիթորինգի սարքեր և լրացրել իրենց քնի որակը գնահատող հարցաթերթիկներ: Սա նրանց թույլ է տվել համեմատել օբյեկտիվ չափանիշները սուբյեկտիվ զգացողությունների հետ։
Պարզվել է, որ կանեփի ավելի երկար օգտագործումը կապված է քնի օբյեկտիվ ցուցանիշների վատթարացման հետ: Ավելի շատ կանեփի օգտագործած մարդիկ գիշերվա ավելի փոքր մասն են քնել, ավելի հաճախ են արթնացել և քնելուց հետո արթուն մնալու ժամանակն ավելի երկարատև է եղել։
Նման օրինաչափություններ են հայտնաբերվել նաև վերջին ժամանակներս կանեփ օգտագործողների շրջանում: Այն մարդկանց համեմատ, ովքեր երբեք չեն օգտագործել կանեփ, նրանք ավելի հակված են եղել հայտնել քնի արդյունավետության նվազման, քնի ֆրագմենտացման և գիշերվա ընթացքում ավելի երկար արթուն մնալու ժամանակահատվածների մասին: Բացի այդ, վերջերս կանեփ օգտագործել սկսածները զգալիորեն ավելի հակված են եղել քնել ութ ժամից ավելի:
Միևնույն ժամանակ, հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանեփ օգտագործողները, ընդհանուր առմամբ, իրենց քնի որակը չեն գնահատել որպես ավելի վատ։ Այլ կերպ ասած՝ մոնիթորինգի սարքերի հայտնաբերված խանգարումները հաճախ աննկատ են մնացել հենց մասնակիցների կողմից։
Կանեփի օգտագործման և քնի ավելի վատ օբյեկտիվ ցուցանիշների միջև կապը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ հետազոտողները վերահսկել են հանգստի վրա ազդող այլ գործոններ, ներառյալ տարիքը, սեռը, ռասան, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, դեպրեսիան, քրոնիկական հիվանդությունները և այլ նյութերի օգտագործումը։
Մևնույն ժամանակ, հետազոտությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ կանեփն անմիջականորեն քնի խանգարումներ է առաջացնում։ Հետազոտողները նաև չեն տարբերակել մասնակիցներին օգտագործման եղանակով՝ կանեփ ծխե՞լը, թե՞ կանեփի ուտելի նյութեր օգտագործելը։ Տասնամյակների դիտարկումների ընթացքում մասնակիցների սովորությունները կարող էին փոխվել։
Առողջ քունը պահպանելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս ունենալ քնելու կայուն ժամանակացույց, ննջասենյակը պահել զով, մութ և հանգիստ, խուսափել հեռախոսներից և այլ էկրաններից անմիջապես քնելուց առաջ և մշակել հանգիստ երեկոյան ծես։ Եթե քնի հետ կապված խնդիրները շարունակվում են, արժե խորհրդակցել բժշկի հետ՝ քնի հնարավոր խանգարումները բացառելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day