Տղամարդկանց ի՞նչ մթերք է խորհուրդ տրվում պարբերաբար օգտագործել

11 ապրիլի, 2018  12:35

Աշխարհում երիտասարդ տղամարդկանց շրջանում քաղցկեղով եւ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացությունն աճում է, եւ մասնագետներից շատերը դա կապում են ժամանակակից երիտասարդների ոչ առողջ կենսակերպի ու չհավասարակշռված սնվելու հետ:

Առողջությունն ամրապնդելու համար տղամարդկանց խորհուրդ է տրվում չծխել եւ ավելի շատ շարժվել, իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, խորհուրդ է տրվում դրան ավելացնել հետեւյալ մթերքները.

Ձուկ եւ ձկնամթերք

Ոստրեները, միդիները, կաղամարները, ծովախեցգետինները եւ այլ ծովամթերքը հարուստ է սպիտակուցներով եւ միկրոտարրերով, ինչպիսին է ցինկը, համարվում է, որ այն կանխում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Ցինկ է պարունակվում նաեւ տավարի մսի եւ լոբազգիների մեջ:

Շատ օգտակար է նաեւ ձուկը, հատկապես յուղոտ տեսակները: Սաղմոնը, թյունոսը, սկումբրիան, հարինգը, կարմրախայտը ճարպաթթուների աղբյուր են, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ խթանում են արյան շրջանառությունը, բարելավում սրտի եւ իմունային համակարգի աշխատանքը:

Բրոկոլի 

Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ ներառել նաեւ բրոկոլի, որը նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից, որոնք ուռուցքային հիվանդություններ են առաջացնում:

Բրոկոլին հարուստ է С վիտամինով, բետա կարոտինով, կալիումով եւ սուլֆորաֆանով, որն օժտված է ուժեղ հակաուռուցքային էֆեկտով:

Բանան

Բանանը եւս առողջությանն օգտակար է, քանի որ դրանց քաղցր փափկամիսը հարուստ է կալիումով, որը չափազանց անհրաժեշտ է նյարդային համակարգի եւ սրտի նորմալ գործառնության համար: Այս հարավային պտուղների պարբերական օգտագործումը կօգնի նվազեցնել սրտի կաթվածի վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում