Ցավազրկող դեղամիջոցների հետ միասին քնաբեր ընդունելը վտանգավոր է

17 ապրիլի, 2018  22:49

Սթենֆորդի համալսարանի գիտնականները կոչ են անում հիվանդներին ցավազրկողների ու քնաբերների որոշ տեսակներ միաժամանակ չընդունել, քանի որ դա բարձրացնում է չափաբաժնի չարաշահման ու դրա հետեւանքով հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը։ Խոսքը բոլոր ցավազրկողների ու քնաբերների մասին չէ, այլ հատկապես ափիոնային դեղամիջոցների ու բենզոդիազեպինի մասին։

Հետազոտությանը մասնակցել է 18-64 տարեկան ավելի քան 300 հազար մարդ։ Նրանք բոլորը 2001-2013 թվականների ժամանակահատվածում ստիպված են եղել ուժեղ ցավազրկող միջոցներ ընդունել։ Միաժամանակ այդ հիվանդների 9 տոկոսը իրենց բժիշկներից ստացել է բենզոդիազեպին գնելու դեղատոմս։ Մինչեւ 2013 թվականը նման հիվանդների մասնաբաժինը աճել է մինչեւ 17 տոկոս։

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ երկու խմբերի դեղամիջոցների ընդունումը զգալիորեն բարձրացնում է ափիոնային դեղամիջոցների չափաբաժնի չարաշահման հետեւանքով հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը։

Հետազոտության գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ որոշ տարածված ցավազրկողների ընդունումը 50 տոկոսով բարձրացնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Հետազոտողները համարում են, որ դեղամիջոցներ նշանակելիս բժիշկները պետք է հաշվի առնեն նման փոխգործակցությունները, որպեսզի կանխեն հնարավոր բացասական հետեւանքները։ Նրանց հաշվարկներով՝ ափիոնայինների ու բենզոդիազեպինի միաժամանակյա նշանակման սահմանափակումները կարող են 15 տոկոսով նվազեցնել ափիոնայինների հետեւանքով հիվանդների հոսպիտալացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում