Շաբաթական ընկույզի 3 չափաբաժինը կփրկի սրտի տագնապից. հետազոտություն

17 ապրիլի, 2018  20:23

Ամեն շաբաթ մի քանի չափաբաժին ընկույզի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ներառյալ նախասրտերի ֆիբրիլյացիան, որն առիթմիայի առավել տարածված ձեւն է: Նման եզրահանգում են կատարել շվեդ գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը:

Գիտնականները 17 տարի հետեւել են 45-83 տարեկան 61 հազար շվեդների սիրտ-անոթային համակարգի վիճակին: Հետազոտությունը սկսելուց առաջ նրանք հայտնել են իրենց սննդակարգի եւ սննդային պահվածքի մասին: Եթե մարդը մահանում էր 17-ամյա ժամկետից վաղ, գիտնականները պարզում էին մահվան պատճառները:

Սա թույլ է տվել կապ գտնել սննդակարգով, վնասակար սովորությունների առկայությամբ ու այլ գործոններով որոշվող կյանքի ոճի եւ կյանքի տեւողության միջեւ:

Դիտարկումների ընթացքում գրանցվել է 4983 սրտի տագնապ, որոնցից 917-ը մահվան ելք է ունեցել, 3160 սրտային անբարարության դեպք, 7550 նախասրտերի ֆիբրիլյացիայի, 972 աորտալ փականի նեղացման, 983 որովայնի աորտայի անեւրիզմի, 3782 գլխուղեղի իշեմիկ կաթվածի եւ 543 ներուղեղային արյան զեղման:

Պարզվել է, որ ընկույզի օգտագործումը նվազեցրել է սրտի տագնապի, սրտային անբավարարության, նախասրտերի ֆիբրիլյացիայի եւ որովայնի աորտայի անեւրիզմի հավանականությունը: Արդյունքները տատանվում են սեռից եւ տարիքից կախված, սակայն միջինը ընկույզի ամսական 1-3 չափաբաժինը 3 տոկոսով նվազեցնում է առիթմիայի վտանգը, շաբաթական 1-2 չափաբաժինը՝ 12 տոկոսով, շաբաթական 3 չափաբաժնից ավելին՝ 18 տոկոսով:

Շվեդ գիտնականների հոդվածը հրապարակվել է Heart ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում