Սպորտային մարզումները կարող են դեպրեսիայից զերծ պահել. հետազոտություն

26 ապրիլի, 2018  13:54

Եթե մարդը ֆիզիկապես ակտիվ է եւ սպորտով կանոնավոր է զբաղվում, նրա մոտ դեպրեսիայի զարգացման վտանգը նկատելիորեն նվազում է: Այսպիսի եզրահանգում է կատարել ԱՄՆ, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Շվեդիայի եւ Ավստրալիայի գիտնականների միջազգային խումբը:

Նրանք ուսումնասիրել են 49 հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Այս հետազոտությունների շրջանակում մասնագետները ավելի քան 7 տարի հետեւել են հոգեպես առողջ գրեթե 277 հազար մարդու եւ պարզել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության բարձր մակարդակով մարդիկ ավելի քիչ են ենթակա դեպրեսիայի առաջացման վտանգին՝ անկախ սեռից, տարիքից եւ աշխարհագրական դիրքից:

Հետազոտողները վերլուծությունները չեն դադարեցնում եւ ապագայում կփորձեն պարզել, թե ֆիզիկական ինչպիսի ծանրաբեռնվածություն է անհրաժեշտ դեպրեսիայի զարգացումը կանխելու համար: Նրանք նաեւ հույս ունեն, որ ստացած արդյունքները կնպաստեն բնակչության շրջանում առողջ կենսակերպի մասայականացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում