Բրիտանական դատարանը ծնողներին թույլ չի տվել ծանր հիվանդ երեխային Իտալիա տեղափոխել (ֆոտո)

26 ապրիլի, 2018  12:47

Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը մերժել է ծանր հիվանդ երեխայի ծնողների խնդրանքը՝ նրան բուժման համար Իտալիա տեղափոխելու թույլտվության մասին, հայտնում է Mirror պարբերականը:

Ապրիլի 24-ին Լոնդոնի գերագույն դատարանը որոշել է, որ Էլֆի Էվանսին չի կարելի իտալական հիվանդանոց տեղափոխել բուժումը շարունակելու: 23-ամսական տղան, ում մոտ ուղեղի դեգեներատիվ հիվանդություն է ախտորոշվել, մեկ տարուց ավելի կոմայի մեջ է ու միացված է թոքերի արհեստական օդափոխմամբ կենսապահովման համակարգին, եւ բրիտանացի բժիշկները կարծում են, որ նրան անհնար է փրկել:

«Սա բոլորի համար, ում դա առնչվում է, սարսափելի է: Մենք նախատեսում ենք պալիատիվ բուժում Alder Hey հիվանդանոցում: Ես պատճառներ չեմ տեսնում պնդելու, որ դատավորը սխալ է»,- ասել է վերաքննիչ դատարանի դատավոր Էնդրյու ՄակՖարլեյնը:

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները որոշում էին ընդունել Էվանսին քաղաքացիություն տալու մասին, որը 2016 թվականի դեկտեմբերից կոմայի մեջ է Լիվերպուլի Alder Hey Hospital հիվանդանոցում: Էլֆիի ծնողները պայքարում են, որպեսզի իրենց թույլ տան ինքնուրույն որոշել իրենց երեխայի ճակատագիրը: Նրանք ցանկանում են բուժման այլ մեթոդներ փորձել եւ դրա հետ կապված մտադիր են երեխային Հռոմ տեղափոխել, որտեղ վատիկանյան մանկաբուժական կլինիկայի՝ Bambino Gesu-ի բժիշկները պատրաստ են բուժումը շարունակել: BBC-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին բրիտանացի բժիշկներն Էլֆիին կենսապահովման համակարգից անջատել են:

Լոնդոնի գերագույն դատարանի դատավորի խոսքով՝ երեխային Իտալիա տեղափոխելու փոխարեն, տղայի ծնողները կարող են դիտարկել նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից սովորական հիվանդասենյակ, հոսփիս կամ տուն տեղափոխելու տարբերակները: Բացի այդ, չնայած տղան սկսել է ինքնուրույն շնչել, դատավորը հերքել է հայտարարությունները, թե նրա վիճակն ավելի է լավացել կենսապահովման համակարգից անջատելուց հետո:

Մեծ Բրիտանիայում 2017 թվականին եւս համանման դեպք է գրանցվել, երբ դատավորը հիվանդանոցի ղեկավարության հայտարարության համաձայն որոշել էր Չառլի Հարդին կենսապահովման համակարգից անջատել, որը տառապում էր ԴՆԹ-ի միտոքոնդրիալ հյուծման համախտանիշով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում