Առնանդամի քաղցկեղը բավականին հազվագյուտ հիվանդություն է, բայց շատ վտանգավոր։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են դրա զարգացման հավանականությունը։
Մարդու պապիլոմայի վիրուս
Առնանդամի քաղցկեղի դեպքերի շուրջ 48 տոկոսը կապակցված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ։ Որոշ փորձագետներ համարում են, որ պատվաստումը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում, կարող է օգնել այդ նենգ վիրուսի հետ կապակցված քաղցկեղի բազմաթիվ նոր դեպքերի կանխարգելմանը։
Բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը
Տղամարդիկ որքան մեծ թվով սեռական զուգընկերներ են ունենում ու որքան շուտ են սկսում սեռական կյանք վարել, այդքան ավելի բարձր է առնանդամի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բանն այն է, որ նման կենսակերպի դեպքում տղամարդիկ հաճախ են վարակվում հիվանդություններով, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, որոնցից շատերը, այդ թվում՝ մարդու պապիլոմայի վիրուսը, կապակցված են առնանդամի քաղցկեղի զարգացման հավականության մեծացման հետ։
Վարակի ու հետագա խնդիրների ռիսկի նվազման համար խորհուրդ է տրվում միշտ օգտագործել պահպանակ, ընդ որում՝ այն պետք է հագնել սեռական ակտի սկզբում, այլ ոչ թե դրա ավարտին մոտ, ինչպես ոմանք են անում։
Առնանդամի վնասվածքներ
Առնանդամի որոշ վնասվածքներ համարվում են տղամարդկանց առնանդամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասվածքներից հետո առնանդամի հյուսվածքների սպիացման ժամանակ կարցինոմայի զարգացման հավանականությունը եռակի մեծանում է։
Ուլտրամանուշակագույն ճառագայթում
Ըստ հետազոտության՝ պսորիազի դեմ ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով բուժում ստացող տղամարդիկ մտնում են առնանդամի քաղցկեղի բարձր ռիսկի խումբ, հատկապես եթե նրանք միաժամանակ ընդունում են նաեւ պսորալեն դեղամիջոցը։
Ֆիմոզ
Ֆիմոզի դեպքում մեծանում է առնանդամի ինֆեկցիաների, նաեւ քաղցկեղի վտանգը։ Այդ վտանգի նվազման համար տղամարդկանց խորհուրդ է տրվում մանրակրկիտ հետեւել անձնական հիգիենային, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել վիրահատական բուժման։
Ծխելը
Ծխելը կապակցված է քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում՝ թոքերի, կերակրափողի, կոկորդի ու միզապարկի քաղցկեղի հետ։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս կապ նաեւ ծխելու ու առնանդամի քաղցկեղի միջեւ, սակայն այդ կապը դեռ միանշանակ ապացուցված չէ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում