Նոր սոսինձը կօգնի 5 րոպեում ֆիքսել կոտրված ոսկորները

1 մայիսի, 2018  22:10

Շվեդիայի Royal Institute of Technology-ի գիտնականները նոր սոսինձ են մշակել, որը կարող է ընդամենը 5 րոպեում ֆիքսել կոտրվածքը: Բժշկական պրակտիկայում նման սոսնձի ներդրումը կարող է զգալիորեն թեթեւացնել ինչպես մասնագետների, այնպես էլ վնասվածքներով ու կոտրվածքներով մարդկանց կյանքը:

Սովորաբար կոտրվածքների բուժումը մինչեւ 12 շաբաթ է տեւում: Եթե վնասվել են ստորին վերջույթները, մարդը երկար ժամանակ ստիպված է լինում պառկած անցկացնել կամ տեղաշարժվել ձեռնափայտի օգնությամբ:

Ատամնաբույժներն արդեն տարիներ շարունակ սոսնձում են կոտրված ատամները, սակայն նրանց օգտագործած նյութերը հարմար չեն ոսկորները սոսնձելու համար. դրանք կա՛մ չափազանց երկար են չորանում, կա՛մ խնդիրներ են առաջացնում իմունային համակարգի կողմից: Նոր սոսինձը 55 տոկոսով ավելի արդյունավետ է նախկինում օգտագործվողներից:

Նոր սոսինձը մի քանի շերտով քսում են ոսկորին: Մշակողների խոսքով՝ այն կարող է արագորեն ֆիքսել նույնիսկ խոնավ մակերեսը: Առնետների մասնակցությամբ փորձերը հաստատել են սոսնձի արդյունավետությունն ու անվտանգությունը. դրանց արդյունքները հրապարակվել են Advanced Functional Materials ամսագրում:

Հետազոտության հեղինակները հույս ունեն մոտ ապագայում արդեն փորձեր անցկացնել մարդկանց մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում