Խումհարի դեմ դեղը փորձարկել են մկների վրա

12 մայիսի, 2018  15:33

Չնայած սպիրտային ըմպելիքներն օգտագործվում են տասնյակ հազարավոր տարիներ, մարդկությունը մինչեւ հիմա չի կարողանում հաթահարել անհեթեթ խումհարը:

Իրականում օրգանիզմը սոսկ թունավորման դեմ է պայքարում: Էթանոլը թույն է, եւ հատկապես լյարդում են իրականացվում դրա մետաբոլիզմի ու չեզոքացման գլխավոր քայլերը. ավելի թունավոր ացետալդեհիդի վերափոխումը, իսկ այնուհետեւ՝ անվնաս քացախաթթվի: Սակայն սպիրտի ավելցուկի դեպքում երկրորդ՝ ավելի դանդաղ փուլը հասնում է առաջինին, եւ ացետալդեհիդը կուտակվում է օրգանիզմում: Այս ընթացքում ավելի շատ էներգիա է ծախսվում, որը վերցվում է մյուս սպառողներից: Այս ամենի հանրագումարը ջրազրկման հետ միասին բերում է խումհարի բավականին ծանր եւ նույնիսկ վտանգավոր վիճակի:

Լյարդի բջիջները (հեպատոցիտներ) ալկոհոլդեհիդրոգենազա ֆերմենտի միջոցով ալկոհոլը վերածում են ացետալդեհիդի, իսկ ացետալդեհիդը՝ քացախի՝ ացետալդեհիդդեհիդրոգենազայի: Բացի այդ՝ կատալազա ֆերմենտը չեզոքացնում է ջրածնի պերօքսիդի վտանգավոր մոլեկուլները, որոնք առաջանում են ռեակցիաների ժամանակ: Լոս Անջելեսի Քալիֆորնիայաի համալսարանի պրոֆեսոր Յունֆեն Լուն եւ նրա գործընկերները փորձել են 3 սպիտակուցը միացնել «խումհարի դեմ միակ հաբի մեջ»՝ կամ «ալկոհոլային թունավորման դեմ հակադոտի», ինչպես գիտնականներն իրենք են այն անվանում Advanced Materials ամսագրում հրապարակված իրենց հոդվածում:

Լյարդի բջիջներին ավելի ճշգրիտ ու անվտանգ հասցնելու համար սպիտակուցները փաթեթավորել են բիոհամատեղելի նանոպարկուճների մեջ, որոնք ապահովում են դրանց աշխատանքը անհրաժեշտ տեղում: Նախատիպը փորձարկվել է լաբորատոր մկների վրա, եւ արդեն 4 ժամ հետո նրանց արյան մեջ ալկոհոլի մակարդակը 45 տոկոսով ցածր է եղել, քան կրծողների ստուգիչ խմբում, որոնք միայն սպիրտային են ստացել, սակայն «հակադոտ» չեն ստացել:

Ավելին՝ այս կենդանիների մոտ ացետալդեհիդի պարունակությունը չի մեծացել՝ մնալով չափազանց ցածր մակարդակի վրա: Տարբերությունը նկատելի էր նաեւ անզեն աչքով. նանոպարկուճների ներարկումից հետո հարբած մկներն ավելի վաղ են արթնացել եւ ավելի առույգ տեսք են ունեցել, քան ստուգիչ խմբի կրծողները: Յունֆեն Լուի խոսքով՝ գիտնականները պատրաստվում են մեկ տարվա ընթացքում փորձարկումները սկսել մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում