Էլեկտրոնային առողջապահության համակարգը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում. ատամնաբույժ

14 մայիսի, 2018  22:16

Էլեկտրոնային առողջապահության ներկայիս համակարգը լրացուցիչ բեռ է ստեղծում առանց այդ էլ աշխատանքով ծանրաբեռնված ատամնաբույժների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ատամնաբույժ, «Ասա ոչ էլեկտրոնային առողջապահությանը» նախաձեռնության եւ «Ստոմինվեստ» հասարակական կազմակերպության անդամ Սամվել Սարգսյանը:

Նրա խոսքով` էլեկտրոնային առողջապահության համակարգy, իհարկե, պետք է Հայաստանին, բայց ոչ այն տեսքով, ինչպես հիմա է առաջարկվում:

«Չէր կարելի ուղղակի վերցնել այլ երկրներում օգտագործվող համակարգը եւ ներդնել մեզ մոտ: Անհրաժեշտ էր սկզբում մոնիթորինգ անցկացնել, հարցնել բժիշկների կարծիքը եւ ստացված տվյալների հիման վրա մշակել համակարգ, որը համապատասխանում է մեր երկրին», - նշել է նա:

Ներկայիս ձեւով համակարգը, ըստ նրա, շատ խնդիրներ է ստեղծում բժիշկների, մասնավորապես ատամնաբույժների համար: Այսպիսով, այս համակարգի պատճառով շատ կլինիկաներում կարող է եւս մեկ ադմինիստրատորի անհրաժեշտությունը ծագել, որը կկարողանա աշխատել այս համակարգի հետ:

Բանն այն է, որ թեեւ շատ կլինիկաներում ադմինիստրատիվ աշխատակիցները տիրապետում են համակարգչին, քիչ չեն այն կլինիկաները, որտեղ բոլոր փաստաթղթերը թղթային են, իսկ համակարգիչներ պարզապես չկան: Նոր աշխատող ընդունելը եւ համակարգիչներ գնելը լրացուցիչ ծախս է:

Ավելին՝ ատամնաբույժը կարող է օգնականի կարիք ունենալ, քանի որ ամեն մի այցելուից հետո նա չի կարող դուրս գալ եւ աշխատակցին թելադրել հիվանդի տվյալները եւ  ախտորոշումը:

Շատ ատամնաբույժներ դժգոհ են էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալաու սակագներից: Մասնավորապես ենթադրվում է, որ ատամնաբաուժական կլինիկաները պետք է ամսական 7000-ից մինչեւ 20 000 դրամ վճարեն՝ կախված այցելուների թվից, դրան գումարած յուրաքանչյուր այցելուի համար 30 դրամ:

Հայաստանի գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը հայտարարել է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի միացումը ատամնաբուժական ծառայությունների գնի բարձրացմանը կհանգեցնի եւ կտուժեն լիցենզիայով աշխատող կլինիկաները:

Նշենք, որ վերջերս նշանակված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքը պետք է վերանայել. այս պահին համակարգը աշխատում է պետական պատվերի եւ սոցիալական փաթեթի մասով, եւ դա պետք է պահպանել, իսկ ընկերությունների, ներառյալ ատամնաբուժական կլինիկաների եւ դեղատների միացումը պետք է կասեցնել եւ քննարկումներ եւ վերապատրաստումներ սկսել անցկացնել, որպեսզի համակարգի յուրաքանչյուր մասնակից իմանա, թե ինչ առավելություններ է այն նրան տալիս:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ի եւ դրա սակագների հարցը, ըստ Արսեն Թորոսյանի, նույնպես պետք է հստակեցվի: Ինչու հենց այս օպերատորը, որտեղ են օպերատորի ընտրության մրցույթի անցկացումը հաստատող փաստաթղթերը, ինչու են նման բարձր սակագներ: Սրանք բոլոր խնդիրներ են, նրա խոսքով, որոնք պետք է լուծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում