Էռնեկյանի ընկերության 38 աշխատակից սննդային թունավորմամբ հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ

17 մայիսի, 2018  19:11

Արմավիրի բժշկական կենտրոնում 38 մարդ է հոսպիտալացվել սննդային թունավորման կասկածանքով։ NEWS.am Medicine-ի թղթակցին բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը հայտնել է, որ բոլոր տուժածները նույն ընկերության աշխատակիցներ են, եւ նրանց ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ է սկսել վատթարանալ։

Տնօրենի փոխանցմամբ՝ 38 պացիենտները հոսպիտալացվել են հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում, այդ թվում՝ վերակենդանացման եւ սրտաբանության բաժանմունքում, քանի որ ինֆեկցիոն բաժանմունքում բավարար տեղ չի եղել։ Ներկայումս բոլոր պացիենտները դեզինտոքսիկացիա են անցնում։

Մասնագետները կասկածում են, որ նրանց մոտ սննդային թունավորում է, սակայն ախտորոշումը դեռ չի հաստատվել։ Տնօրենի խոսքով՝ մասնագետները ջրի, սննդի փորձանմուշ են վերցրել այն կազմակերպությունից, որտեղ աշխատում են տուժողները, ինչպես նաեւ փսխման զանգվածի փորձանմուշ, որ պարզեն թունավորման պատճառը։ 

Նշենք, որ NEWS.am Medicine-ի տվյալներով, բոլոր 38 անձիք աշխատում են Էդուարդո Էռնեկյանին պատկանող Tierras de Armenia ընկերությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում