Այս տարի Հայաստանում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով

24 մայիսի, 2018  16:34

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական համապատասխան մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, չառաջնորդվել ժողովրդական մոտեցմամբ, ըստ որի` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է արգանակը, չուտել հում սունկ, երեխաներին սունկ չկերակրել, աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող անձանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:

Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում