• Latest news

Ինչպե՞ս է ծխելը ազդում տղամարդկանց սեռական ցանկության եւ էրեկցիայի վրա

12 մայիսի, 2014  17:41

Երեւի թե բոլորը լսել են, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն քչերը գիտեն, որ այն նաեւ ազդում է տղամարդկանց եւ կանանց սեռական ֆունկցիաների վրա։ Այն մասին, թե ինչպես է ծխելը ազդում տղամարդկանց սեռական ցանկության եւ էրեկցիայի վրա, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը։

Ծխախոտն ու սեռական ցանկությունը եւ էրեկցիան

Սեռական ակտը, ինչպես նշեց բժիշկը, ունի 4 բաղադրիչ՝

  • Լիբիդո, այսինքն, սեռական ցանկություն;
  • Էրեկցիա;
  • Սերմնաժայթքում;
  • Հեշտանք։

Բոլոր 4 բաղադրիչները անհրաժեշտ են լիակատար սեռական ակտի համար, սակայն ծխախոտի մեջ պարունակվող թույները՝ նեղացնելով անոթները եւ վատացնելով վերջույթների արյունամատակարարումը, կարող են ազդել դրանց վրա եւ մի շարք խնդիրներ առաջացնել։

«Եվ սեռական ցանկությունն է նվազում, եւ էրեկցիան է խանգարվում՝ անոթների նեղացման պատճառով, մանավանդ եթե տղամարդը շատ է ծխում եւ նստակյաց կյանք է վարում», - պատմեց Մարատ Զաքարյանը։

Ծխախոտն ու տեստոստերոնը

Տեստոստերոնը հայտնի է որպես «հորմոնների արքա եւ արքաների հորմոն», հիշեցրեց բժիժկը։ Հենց տեստոստերոնն է պատասխանատու տղամարդու սեռական ցանկության եւ պոտենցիայի համար։ Այն նաեւ տղամարդուն ավելի առնական է դարձնում՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես, նպաստում է մկանների աճին, դիմացկունությանն ու հոգեկան հավասարակշռությանը։

Տեստոստերոնը շատ մեծ դեր ունի տղամարդու օրգանիզմում, սակայն ծխողների մոտ, ինչպես նշեց սեքսոպաթոլոգը, տեստոստերոնի քանակը նվազում է, եւ նրանք դառնում են ավելի «անարդյունավետ»՝ թե առօրյա կյանքում, թե տեղաշորում։

Ծխողների մոտ, ըստ բժիշկի, կարող են առաջանալ նաեւ այլ հորմոնալ խանգարումներ՝ մասնավորապես, վահանաձեւ գեղձի խնդիրներ, ինչը կանդրադառնա ողջ օրգանիզմի ֆունկցիաների վրա։

Ծխախոտն ու ամորձիները

Նիկոտինը բացասաբար է ազդում ամորձիների աշխատանքի վրա, ինչի հետեւանքով տուժում են սերմի որակը, քանակը եւ սպերմատոզոիդների շարժունակությունը։ Սա կարող է նվազեցնել տղամարդու՝ երեխա ունենալու հավանականությունը կամ նույնիսկ անպտղության հանգեցնել (հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալները, Հայաստանում 60% դեպքերում զույգերի անպտղության մեջ «մեղավոր են» տղամարդիկ, եւ միայն 40 % դեպքերում՝ կանայք)։

Ե՞րբ սպասել խնդիրների

Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, թե երբ անառողջ ապրելակերպի ու ծխելու ազդեցությունը տղամարդու սեռական ֆունկցիաների վրա իրենց մասին իմաց կտան։ Կան մարդիկ, որոնց վրա անառողջ ապրելակերպը քիչ հետեւանքներ է թողնում, բայց կան եւ մարդիկ, ովքեր սկսում են ծխել եւ միանգամից մի շարք խնդիրներ են ձեռք բերում։

Բժիշկը նշեց նաեւ, որ երբ տղաները եւ աղջիկները 14-15 տարեկանում սկսում են ծխել, հավանականությունը մեծ է, որ դա կանդրադառնա նրանց սեռական առողջության վրա ընդամենը մի քանի տարուց՝ նույնիսկ մինչեւ 20 տարեկանը լրանալը։

Շատերն ասում են, որ տարիներ շարունակ ծխում են եւ ոչ մի խնդիր սեռական ոլորտում չունեն։ Բժիշկը ժպտաց, լսելով այս պնդումը, ու ասաց, որ սովորաբար այդպես են ասում հենց խնդիրներ ունեցող մարդիկ։

Ի դեպ, բժիշկի խոսքով, սեռական առողջության վրա ազդում է ոչ միայն ծխելը, այլ նաեւ ալկոհոլը եւ, բնականաբար, թմրանյութերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll