Նոր PET/CT սկաները թույլ է տալիս ամբողջ մարմնի ախտորոշիչ պատկերներ ստանալ ընդամենը մեկ րոպեում: Մասնագետներն այդպիսի պատկերների որակն ավելի բարձր են գնահատել, քան սովորական սարքերով ստացվածներինը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Միջուկային բժշկության եվրոպական ասոցիացիայի (EANM) 39-րդ համաժողովում, որն անցկացվում է 2026 թվականին, գրում է Medical Xpress-ը:
PET/CT-ն լայնորեն կիրառվում է քաղցկեղի հայտնաբերման, հիվանդության փուլի որոշման և բուժման ընթացքի վերահսկման համար: Սովորական սկաներները մարմինը հետազոտում են առանձին հատվածներով, ուստի գլխից մինչև ազդրեր պատկերներ ստանալու համար սովորաբար պահանջվում է պացիենտի դիրքի 5-6 փոփոխություն: Ընդլայնված առանցքային տեսադաշտով նոր համակարգերն ունակ են միանգամից ընդգրկել մարմնի զգալիորեն ավելի մեծ մասը և ռադիոդեղագործական պատրաստուկից ավելի շատ ազդանշաններ որսալ: Դա թույլ է տալիս կրճատել հետազոտության ժամանակը՝ առանց պատկերների որակի էական վատթարացման:
EQUIP հետազոտության շրջանակում Մելբուռնի Փիթեր ՄակՔալումի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասնագետները փորձարկել են 128 սմ երկարությամբ առանցքային տեսադաշտ ունեցող PET/CT համակարգը: Հետազոտությանը մասնակցել է 24 մարդ, որոնց ներարկվել է տարբեր տեսակի հետազոտությունների համար կիրառվող հինգ ռադիոդեղագործական պատրաստուկներից մեկը: Սկզբում մասնակիցներն անցել են ստանդարտ հետազոտություն սովորական սկաներով, իսկ այնուհետև՝ տասը րոպեանոց սկանավորում նոր սարքով: Ստացված տվյալների հիման վրա հետազոտողները ձևավորել են պատկերներ, որոնք համապատասխանում են մեկ, երկու, երեք և հինգ րոպե տևողությամբ սկանավորմանը:
Միջուկային բժշկության երկու մասնագետ, որոնք տեղյակ չէին սկանավորման տևողության մասին, հինգբալանոց սանդղակով գնահատել են պատկերների ախտորոշիչ որակը, հստակությունը, հիվանդության օջախների տեսանելիությունը և աղմուկի մակարդակը:
Ախտորոշիչ որակի միջին գնահատականը կազմել է 5 բալ 10 և 5 րոպեում ստացված պատկերների համար, 4,9 բալ՝ 3 և 2 րոպեում, և 4,5 բալ՝ 1 րոպեում ստացվածների համար: Սովորական սկանավորումների դեպքում այս ցուցանիշը կազմել է 3,9 բալ: Ընդ որում, երկու և ավելի րոպեների ընթացքում ստացված պատկերները գնահատված յուրաքանչյուր բնութագրիչով հավաքել են առնվազն 4 բալ: Մեկրոպեանոց պատկերների գնահատականները եղել են ոչ պակաս, քան 3 բալ:
Ավելի կարճատև պրոցեդուրաները կարող են հեշտացնել այն պացիենտների հետազոտությունը, որոնց համար դժվար է երկար ժամանակ անշարժ պառկել, ինչպես նաև նվազեցնել շարժումների հետևանքով առաջացող պատկերների լղոզվածությունը: Բացի այդ, կլինիկաները կկարողանան ավելի շատ պացիենտներ ընդունել: Համակարգի բարձր զգայունությունը հնարավորություն կտա նաև նվազեցնել ներարկվող ռադիոդեղագործական պատրաստուկի չափաբաժինը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում