Եթե մենք մեզ ազնիվ եւ հետեւողական չդրսեւորեինք, Starkey Foundation-ը չէր վերադառնա Հայաստան. Արա Բաբլոյան

27 մայիսի, 2018  17:17

Starkey Hearing Foundation-ի ներկայացուցիչներն անցյալ տարի բարեգործական նպատակով ժամանեցին Հայաստան եւ այցի ընթացքում նրաց հետ ծրագրի վրա աշխատող մարդիկ իրենց ազնիվ եւ հետեւողական դրսեւորեցին, ինչով նպաստեցին Հայաստանի եւ հիմնադրամի կապի ամրապնդմանը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի խոսնակ եւ «Արաբկիր» մանկական հիմնադրամի ստեղծող Արա Բաբլոյանը:

Նա հիշեցրերց, որ իր կողմից դեռ 25 տարի առաջ ստեղծված «Արաբկիր» մանկական հիմնադրամն ունի նույն նպատակները, ինչ եւ Starkey Hearing Foundation-ը՝ հաշմանդամության կանխարգելում, տարբեր հիվանդություններ եւ խնդիրներ ունեցող անձանց հասարակության լիարժեք կյանքին ներգրավում:

Starkey Hearing Foundation-ը բարեգործական առաքելություններով աշխարհի տարբեր երկրներ է այցելում եւ Հայաստանը 107-րդ երկիրն է, որտեղ եղել են կազմակերպության աշխատակցիները եւ կամավորները: Առաջին անգամ նրանք Հայաստան են եկել 2017-ին: Նրանց այցը կազմակերպվել էր ամուսիններ Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների շնորհիվ: Այս տարի մոտ 2000 թույլ լսող մարդ լսողական սարք է ստացել: Ծրագիրը սրանով չի ավարտվում. Հայաստանում պատրաստվել են մասնագետներ, որոնք զբաղվում են ծրագրի շրջանակներում բաժանված լսողական սարքերի սպասարկմամբ: Իսկ այսօր հիմնադրամը բարեգործական նպատակով վերադարձել է Հայաստան եւ առաջիկա 3 օրերին եւս 1200 մարդ լսողական սարք կստանա:Այսօր՝ մայիսի 27-ին, մասնավոր այցով Հայաստան ժամանած Էլթոն Ջոնը մի քանի սարքեր տեղադրեց հիվանդներին: Բաբլոյանի խոսքով՝ Էլթոն Ջոնը՝ կազմակերպության հիմնադրողի ընկերը, Հայաստան էր ուզում այցելել դեռ անցյալ տարի, բայց չկարողացավ:

Բաբլոյանը հավելեց, որ Ուիլյամ Օսթինը՝ Starkey Hearing Foundation-ի հիմնադիրը իր հետ զրույցում ասել է, որ արդեն տասնյակ երկրներում է եղել, բայց Հայաստանում իրեն ինչպես տանն է զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում