Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռեւս թղթի վրա են մնում. առողջապահության նախարար

30 մայիսի, 2018  12:11

Հայաստանն ունի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչեւ հիմա ընդունված միջոցառումների արդյունքներն անբավարար են: 2010-2015 թվականների ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված էր ամեն տարի երկրում ծխողների թիվը կրճատել 1,5-2 տոկոսով, սակայն 2017 թվականին ընդունված ռազմավարության մեջ ներառված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողների թիվը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ մեծացել է՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Այս մասին ՄԱԿ երեւանյան գրասենյակում Ծխելու դեմ համաշխարհային օրվան նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի մեծահասակ բնակչության մոտ 26-27 տոկոսը ծխում է. տղամարդկանց 53,4 տոկոսը եւ կանանց 2,3 տոկոսը (կանանց մի մասը գաղտնի է ծխում, եւ նրանք պաշտոնական վիճակագրության մեջ չեն մտել): Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները նույնպես տարածված են եւ ահռելի թվով կյանքեր են խլում, իսկ դրանց հիմքում հատկապես ծխելն է:

«Կարելի է արձանագրել, որ ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռեւս թղթի վրա են մնում»,- նշեց նախարարը:

Նա նշեց, որ երկրում այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են վճռական քայլեր եւ քաղաքական կամք:

«Անհրաժեշտ է իրավական ակտեր ընդունել, որոնք կարգելեն հասարակական վայրերում ծխելը, սա շատ կարեւոր է: Ես անձամբ շահագրգռված եմ, որ ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասի նվազեցման մասին օրինագիծն ընդունվի, եւ այն հաստատապես կընդունվի: Սակայն տուգանքների հանդեպ հանրության վերաբերմունքը միանշանակ չէ, այս պատճառով փոփոխությունները պետք է ավելի զգուշավոր կատարել. օրինագծի որոշ հոդվածներ կվերանայվեն, եւ միայն դրանից հետո այն կուղարկվի խորհրդարան»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ կվերանայվեն տուգանքների չափերը եւ վայրերի ցանկը, որտեղ ծխելը կարգելվի: Նախարարի կարծիքով՝  առանց բացառության բոլոր փակ հաստատություններում ծխելն անհրաժեշտ է արգելել՝ բացառություններ չպետք է լինեն: Ինչ վերաբերում է տուգանքներին, դրանք պետք է այնպիսին լինեն, որ մարդկանց շատ չվախեցնեն, սակայն միաժամանակ կանխեն օրենքի խախտումը, այլ ոչ թե մարդկանց թույլ տան «օրենքը խախտելու իրավունք գնել»:

Շատ բան պետք է արվի նաեւ գնային քաղաքականության, ծխախոտային արտադրանքի գովազդի, հանրային կարծիքի վրա ազդեցության ոլորտներում, հավելեց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում