Հիմա, երբ Հայաստանում նոր կառավարություն կա, երկիրը ծխելու խնդիրը լուծելու եզակի հնարավորություն ունի: Այս մասին ՄԱԿ երեւանյան գրասենյակում Ծխելու դեմ համաշխարհային օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:
«Եթե ցանկանում ենք, որ մարդիկ առողջ լինեն, իսկ տնտեսությունը զարգանա, անհրաժեշտ է շրջանակային կոնվենցիան ներդնել (Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան)»,- նշեց նա:
Կոնվենցիան, որին Հայաստանը միացել է ավելի քան 10 առաջ, բայց որի պայմանների մեծ մասը դեռեւս չի սկսել կատարել, ծխելու դեմ արդյունավետ պայքարի եւ ծխախոտի ծխի ազդեցությունից բնակչության պաշտպանության համար առաջարկում է հետեւյալ քայլերը.
Ակցիզային հարկի բարձրացումԻնչպես նշեց Եգոր Զայցեւը, մեկ տուփ ծխախոտը պետք է թանկ արժենա. հարկը պետք է կազմի տուփի արժեքի 75 տոկոսը: Եթե ծխախոտը թանկ արժենա, մարդկանցից շատերը ծխելուց կհրաժարվեն, ավելին՝ մեծ թվով երիտասարդներ չեն էլ սկսի ծխել:
Ծխախոտային արտադրանքի փաթեթԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ծխախոտի տուփի վրա տեղադրել սարսափելի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ծխելն ինչ խնդիրների է հանգեցնում: Ինչպես ցույց է տվել շատ երկրների փորձը, այս մոտեցումն իսկապես գործուն է. որքան էլ մարդիկ կատակեն այս լուսանկարների եւ պատկերների առումով, իրականում նրանց տհաճություն է պատճառում դրանք տեսնելը, իսկ նրանց ենթագիտակցության մեջ մնում է արժեքավոր տեղեկությունը՝ ծխելը վտանգավոր է իրենց առողջության համար:
Պաշտպանություն պասիվ ծխելուցՇատ կարեւոր է նաեւ չծխող մարդկանց վրա երկրորդային ծխախոտային ծխի ազդեցության կանխումը, եւ միակ միջոցը հասարակական վայրերում ծխելու արգելքն է: Ինչպես շեշտեց Զայցեւը, Հայաստանում անչափ դժվար է «թաքնվել» ծխախոտի ծխից. մարդիկ դրա ազդեցությանը ենթարկվում են ամենուր՝ աշխատավայրում, սրճարանում, ռեստորաններում եւ այլ հասարակական վայրերում:
Արդյունավետ արշավներ լրատվամիջոցներումԾխախոտային արդյունաբերությունը ամեն կերպ հակազդում է իրենց ոչ ձեռնտու օրենքների ընդունմանը եւ փորձում ազդել հանրային կարծիքի վրա՝ պնդելով, որ ծխելն այնքան էլ վնասակար չէ, իսկ ծխելու դեմ պայքարը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա եւ մեծ թվով մարդկանց գործազուրկ դարձնել: Իրականում զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ ծխելու դեմ պայքարը եւ հասարակական վայրերում ծխելու արգելքը միայն դրական է ազդում երկրի տնտեսության վրա եւ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավում: Լրատվամիջոցներում արդյունավետ արշավները կարող են օգնել հակազդել ծխախոտային արդյունաբերությանը եւ մարդկանց շրջանում առավել համարժեք, ճիշտ տեղեկություններ տարածել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում