Ծխելու իրավունք գոյություն չունի, կա առողջության իրավունք. ԱՀԿ ներկայացուցիչ

1 հունիսի, 2018  00:02

Ծխելու իրավունք գոյություն չունի, բայց կա առողջության իրավունք: Այս մասին Երեւանում երկրորդային ծխի ազդեցության դեմ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը՝ պատասխանելով այն հարցին՝ չեն ոտնահարում արդյոք հակածխախոտային միջոցառումները ծխողների իրավունքները:

Նրա խոսքով, ծխողները վտանգի են ենթարկում իրենց, ինչպես նաեւ շրջապատող մարդկանց, այդ թվում իրենց մտերիմներին եւ երեխաներին:

«Այստեղ հակասություններ չկան: Կա մարդու առողջության իրավունք: Ես շատ փաստարկներ եմ լսել ծխողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ծխախոտի առաջխաղացման եւ դրանք հովանավորվում են ծխախոտային ընկերությունների կողմից, որոնք չեն ցանկանում իրենց մեծ եկամուտները կորցնել», - ասել է Եգոր Զայցեւը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններն իրականում շատ մանրամասն են դիտարկել տնտեսական փաստարկները:

«Հաշվի է առնվել նաեւ այն, թե որքան մարդ է աշխատում ծխախոտային արդյունաբերությունում, որքան է երկիրը ստանում հարկերից եւ այլն: Իրականում առողջ մարդիկ ավելի օգտակար են հասարակության համար, քան սրտանոթային, ուռուցքային եւ այլ հիվանդություններով մարդիկ: Սա ահռելի ծանրաբեռնվածություն է առողջապահության համակարգի վրա: Այսինքն՝ ծխախոտի դեմ պայքարը տնտեսապես արադարացված է», - ասել է նա:

Եգոր Զայցեւը հաղորդել է, որ Հայաստանում  նախատեսվում է հետազոտություն իրականացնել, որը կոչվում է economic case:

«Մենք կտեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը ռիսկի գործոնների հետ կապված, ներառյալ ծխախոտը եւ ոչ միայն: Մենք դրանում կներառենք նաեւ ալկոհոլի օգտագործումը եւ նստակյաց կյանքը եւ աղի չափից շատ կիրառումը: Մենք կտեսնենք, որքան է միջոցառումների արժեքը, որոնք կարելի է ներդնել եւ կտեսնենք, թե որքան կարող է երկիրը տնտեսապես շահել, քանի որ բնակչության առողջությունը բարելավող երեւույթների ներդրման դեպքում երկիրը ցանկացած դեպքում շահում է», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում