Հակածխախոտային օրենքի նոր խմբագրման մեջ շեշտը կդրվի հաստատությունների վրա, այլ ոչ թե ծխողների. նախարար

5 հունիսի, 2018  15:27

Նոր խմբագրմամբ հակածխախոտային օրենքում մեծ շեշտադրում կկատարվի ոչ թե իրենց ծխողներին պատժելու վրա, այլ հաստատությունների տերերին: Նրանք պետք է շահագրգռված լինեն, որ իրենց տարածքում չծխեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով բարձր տուգանքների մասին հարցին, որոնք նախատեսված են շրջանառության մեջ գտնվող օրինագծում:

Նա նշեց, որ եթե տուգանքները էմոցիոնալ իմաստով ընդունելի չեն, ասենք՝ 500 հազար դրամից ավելինի դեպքում, ապա կարելի է դա վերանայել, սակայն ցանկացած տուգանք միջոց է, որպեսզի որեւէ արգելք չխախտվի: «Եթե մենք որոշում ընդունենք, որ հասարակական վայրերում ծխելն արգելվում է, պետք է միջոցառումներ ընդունենք, որ արգելքը չխախտվի: Այս պատճառով տուգանքները պետք է բարձր լինեն: Տուգանքը չպետք է արգելքը խախտելու իրավունքի վճար դառնա»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին՝ կլինե՞ն արդյոք խրախուսող ծրագրեր նրանց համար, ովքեր ծխելուց կհրաժարվեն, եւ դրա դիմաց նրանք ինչ կստանան, նախարարը պատասխանեց, որ նրանք առողջություն կստանան եւ ծխախոտի վրա տնտեսվող փողը:

Նա հավելեց, որ 100 անգամ ավելի դժվար է չծխող դարձնել մեծահասակ ծխող մարդուն, քան մանկության տարիներից դաստիարակել: Ոչ ոք չի կարծում, որ վաղը մեզ մոտ տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշը 53 տոկոսից կնվազի մինչեւ 10 տոկոս, սակայն պետք է աշխատանքը սկսել մանկական հաստատություններից, եւ կարծրատիպերը փոխել, ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում