Քնի ավելցուկը բերում է քաշի ավելացման (աղյուսակ)

13 հունիսի, 2018  23:45

Սեուլի համալսարանի (Հարավային Կորեա) հետազոտողները ծավալուն հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե մարդու վրա ինչպես են ազդում քնի պակասը եւ ավելցուկը: Արդյունքները հրապարակվել են BMC Public Health ամսագրում:

Մասնագետներն օգտագործել են 2004-2013 թվականների ժամանակահատվածում անցկացված Health Examinees-ի (HEXA) կոհորտային հետազոտության արդյունքները: Նրանք ընդհանուր ուսումնասիրել են 40-69 տարեկան 133 608 մարդու անկետաները (44 930 տղամարդ, 88 678 կին): Անկետան բացահայտում էր հիվանդության պատմության, ապրելակերպի, սննդակարգի, ֆիզիկական ակտիվության եւ կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի մասին տեղեկությունները: Գիտնականներն այս ցուցանիշները հաշվի են առել քնի միջին տեւողությունը գնահատելիս:

Մետաբոլիկ համախտանիշի մասին է վկայել նշված ցուցանիշներից գոնե երեքի առկայությունը՝ իրանի շրջագծի մեծացում, տրիգլիցերիդների բարձր մակարդակ, «լավ» խոլեստերինի ցածր մակարդակ, հիպերտոնիա, շաքարի բարձր մակարդակ: Տղամարդկանց շրջանում եղել է 29 տոկոս հիվանդ, իսկ կանանց շրջանում՝ 24,5 տոկոս: Մետաբոլիկ համախտանիշով հիվանդների համեմատական բաժինը նրանց թվում, ովքեր քնել են 6 ժամից քիչ եւ 10 ժամից ավելի, ավելի մեծ է եղել, քան նրանց թվում, ովքեր քնել են 6-ից մինչեւ 8 ժամ կամ 8-ից մինչեւ 10 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում