Գիտնականները գտել են կենդանիների ռեգեներատիվ ունակությունների վերականգնման բանալին

19 հունիսի, 2018  15:54

Կենսաբաններին հաջողվել է գտնել կենդանիների ռեգեներատիվ (վերականգնողական) ունակությունների վերականգնման բանալին: Համապատասխան փորձարկումներն իրականացվել են Միացյալ Նահանգների Սթոուերսի բժշկական հետազոտությունների ինստիտուտի թիմի կողմից՝ Ալեխանդրո Ալվարադոյի (Alejandro Alvarado) գլխավորությամբ:

Cell ամսագրում հրապարակված գիտական հոդվածի համաձայն՝ գիտնականները մի շարք հաջող փորձարկումներ են իրականացրել տափակ որդերի (լատ. Planariidae) վրա, որոնք անգամ լուրջ վնասից հետո վերականգնվելու բացառիկ ունակություն ունեն: Կենսաբանների ուշադրության կենտրոնում էին ցողունային բջիջները, որոնք օգնում են որդերին վերականգնել կորցրած օրգանները: Հետազոտության կարեւորությունն այն է, որ նախկինում գիտնականները չէին կարողանում ճիշտ պատասխան տալ հարցին, թե ցողունային բջիջների կոնկրետ ո՞ր տեսակն է պատասխանում որդերի ռեգեներացման համար:

Փորձարկումների ընթացքում 12 բջիջ էր առանձնացվել, որոնք խոստումնալից էին հետագա հետազոտությունների տեսանկյունից: Կենսաբանների ուշադրությունը գրավել էր դրանցից մեկը՝ Nb2-ը: Բանն այն է, որ այն TSPAN-1 թաղանթային սպիտակուց է արտադրում, որի քանակությունն ավելանում էր որդին հասցված վնասվածքներից հետո: Ենթադրությունները ստուգելու համար կենսաբաններին հաջողվել է բջիջներ կառուցել, որոնք TSPAN-1 չեն արտադրում:

Փորձարկման շարունակության համար 500 որդ ենթարկվել է մահացու չափաբաժնով ճառագայթման, ինչից հետո 224 որդի փոխպատվաստվել է Nb2 բջիջը, որը եւ արտադրում է TSPAN-1 սպիտակուցը: Մնացած որդերը  բաժանվել են երկու խմբի. մի խմբին Nb2 է փոպատվաստվել, որը TSPAN-1 չի արտադրում, իսկ երկրորդին ոչինչ չի փոխպատվաստվել: Ըստ փորձարկման  արդյունքների՝ ողջ է մնացել որդերի 25 տոկոսը, որոնց TSPAN-1ով Nb2 tspan-1 էին փոխպատվաստել: Մնացած որդերը մահացել են:

Հետազոտողները հույս ունեն, որ փորձարկման արդյունքները կօգնեն ավելի լավ ուսումնասիրել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց  ռեգեներատիվ կարողությունները:

  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում