Ծխող տղամարդկանց կանանց մոտ վիժումների հավանականությունը բարձրանում է․ հետազոտություն

30 հունիսի, 2018  10:48

Կանանց շրջանում հաճախակի են պատահում վիժումներ, եթե զուգընկերները նրանց հղիության ընթացքում կամ էլ նույնիսկ բեղմնավորումից առաջ ծխել են։ Նման հետաքրքիր եզրակացության են հանգել գիտնականները՝ Չինաստանում զանգվածային հետազոտություն իրականացնելուց հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology& Community Health ամսագրում։

Վերլուծելով հղիության մոտ 6 միլիոն դեպք, հետազոտողները հայտնաբերել են, որ այն կանանց մոտ, ում զուգընկերները ծխել են կանանց հղիության առաջին ամիսներին, վիժումի վտանգը 17 տոոսով բարձր է եղել ՝ չծխող զուգընկերներ ունեցող կանանց համեմատ։

«Չնայած մենք վաղուց գիտենք, որ եթե մայրը ծխում է, ապա առաջանում է հղիության անբարենպաստ ելքի բարձր հավանականություն, սակայն պարզվում է, որ  ծխող հայրերը նույնպես ազդում են հղիության արդյունքի վրա»,- նշել է, McMaster University համալսարանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի պրոֆեսոր  բժիշկ Էլիսոն Հոլոուեյը։

Ըստ հետազոտության՝ հղի կանանց զուգընկերների գրեթե  29 տոկոսը ծխել է, իսկ վիժումների ընդհանուր քանակը մոտավորապես 2․5 տոկոս է կազմում։ Եթե զուգընկերը չի ծխել, ապա վիժումները եղել են 2․38 տոկոսի սահմանում, իսկ եթե զուգընկերը ծխում էր՝ 2․92 տոկոսի սահմանում։ Երբ ապագա հայրը հրաժարվել է ծխելուց մինչև բեղմնավորումը կամ դրանից անմիջապես հետո, վիժումների ցուցանիշը կազմել է 2․79 տոկոս, մինչդեռ այն կանանց մոտ, ում զուգընկերները չէին հրաժարվել ծխելուց, այդ ցուցանիշը կազմել է 3․35 տոկոս։

«Հարկ է շեշտել ծխելու դեմ պայքարի կարևորությունը, հատկապես եթե ծխում են ապագա հայրերը՝ հղիություն  պլանավորելիս նրանք պետք է թողնեն ծխելը»,- գրում են հետազոտության հեղինակները, որոնցից շատերը աշխատում են Չինաստանի Ընտանիքի պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։

Չնայած հեղինակները հայտնաբերել են կապ հոր ծխելու ու վիժումի միջև՝ հետազոտությունը չի ապացուցում ուղիղ պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այն նաև չի հետազոտել այն մեխանիզմները, որոնց շնորհիվ հոր ծխելը կարող է ազդել երեխայի կորստի վրա։

Բժիշկ Հոլոուեյը հավաստիացնում է, որ համենայն դեպս երկու մեխանիզմ կա, որոնց միջոցով ամուսնու ծխելը կարող է ազդել հղիության վրա։ Կինը կարող է ենթարկվել երկրորդային ու երրորդային ծխելու ազդեցությանը (ծխելուց հետո հագուստի վրա, կահույքի ու գորգերի վրա մնացող քիմիական նյութերի ազդեցությունը)։ Բացի դրանից՝ ծխելը կարող է ազդել նաև հոր սերմնաբջիջների որակի վրա, ինչը հանգեցնում է գենետիկ մուտացիաների, որոնք էլ իրենց հերթին, կարող են վիժումի պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում