Երեխաների առողջության համար պատասխանատու են բոլորը՝ մանկապարտեզներից մինչեւ երկրի ղեկավարություն. ՀԿ ղեկավար

5 հուլիսի, 2018  17:02

Հանրակրթական հաստատություններում վերջերս տեղի ունեցած երեխաների թունավարման դեպքերը մեկնաբանելիս պետական պաշտոնյաները խոսում են դրամատիկական թատրոնի դերասանների լեզվով: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրան խոսքով՝ պատասխանատուները սահմանափակվում են միայն «դա սարսափելի է», «դա անընդունելի է» տիպի բացականչություններով, սակայն թունավորումների պատճառների հայտնաբերման եւ նման միջադեպերի կանխման կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում:

«Մինչդեռ երեխաների առողջության համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը՝ մանկապարտեզների եւ դպրոցների անձնակազմից սկսած՝ ընդհուպ երկրի ղեկավարությունը: Անպատժելիություն, վերահսկողության բացակայություն՝ ահա թունավորումների այդքան հաճախակի դեպքերի պատճառները»,- նշեց Արմեն Պողոսյանը:

ՀԿ ղեկավարին վրդովում է այն, որ պատասխանատու մարմինները այս միջադեպերի պատճառները եւ մանրամասնները լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար ամբողջությամբ չեն բացահայտում: Մինչդեռ, նրա կարծիքով, խնդիրը համակարգային բնույթ ունի եւ համակարգային փոփոխություններ է պահանջում՝ հանրության հետ համագործակցությամբ:

«Ստացվող բոլոր տագնապալի հաղորդումները պետք է վերլուծվեն, հանրային կարծիքի անտեսման դեպքում խնդիրը երբեք չի լուծվի: Այն ժամանակ, երբ թունավորված երեխաները հոսպիտալացված են, պաշտոնյաներն ասում են, որ զանգերի միջոցով ստացվող ահազանգերի մեծամասնությունը կարող է կեղծ լինել»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Նա սննդամթերքի անվտանգության ոլորտում հսկողության մեկ այլ խնդիր է համարում պատասխանատու մարմիններում աշխատող անձանց ոչ բանիմացությունը, որոնք որոշումներ են ընդունում՝ ընդհուպ մինչեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարի նշանակում, մասնագետների հետ չխորհրդակցելով, գաղտնի եւ ոչ հրապարակային:

ՀԿ ղեկավարը նաեւ կարծում է, որ ՍԱՊԾ իրավասություններն ու գործառույթները պետք է հստակեցվեն եւ ընդլայնվեն. օբյեկտներ այցելող տեսուչները փաստացի անաշխատունակ են:

Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է գոնե օրենքին հետեւել եւ հանրակրթական հաստատություններում երեխաներին տրամադրվող սննդամթերքի նմուշները պահել 48 ժամ՝ սա անհրաժեշտ է  թունավորումների դեպքում լաբորատոր հետազոտությունների համար:

«Հույս ունեմ, որ նոր կառավարությունն այս հարցով լրջորեն կզբաղվի եւ որպես սկիզբ գոնե կարձագանքի այս միջադեպերը պարզելու խնդրանքով իմ նամակին»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից Հայաստանում գրանցվել է աղիքային ինֆեկցիաների դեպքերի աճ, դեպքերի մեծ մասը՝ մինչեւ 10 տարեկան երեխաների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում