Գիտնականները կարողացել են առաջին անգամ ստանալ եռաչափ գունավոր ռենտգենյան պատկերներ

13 հուլիսի, 2018  20:11

Նորզելանդացի գիտնականները ներիկայացրել են աշխարհում առաջին ռենտգենյան սարքը, որը կարող է եռաչափ գունավոր պատկերներ կատարել:

Ինչպես իր կայքում հայտնում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (ՄՀԵԿ), սարքի յուրահատկությունն ապահովվում է տեխնոլոգիայի հաշվին, որը մշակվել է Մեծ ադրոնային կոլայդերի համար:

Նոր Զելանդիայի Քենթերբերի եւ Օտագո համալսարանների գիտնականները մոտ 10 տարի կատարելագործել են Medpix օրիգինալ չիպը, որը նախատեսված է կոլայդերի վրա կատարվող փորձերին հետեւելու համար եւ հարմարեցված է բժշկական կարիքներին: 20 հետազոտական ինստիտուտների հետ պրոֆեսորներ Ֆիլ եւ Էնթոնի Բաթլերները ստեղծել են չիպի երրորդ սերունդը, որը թույլ է տալիս ստանալ մեծ թույլատրելիությամբ եւ մանրամասների ուրվագծման բարձր ճշգրտությամբ պատկեր: Հաջող փորձարկումներից հետո նրանց հիմնադրած MARS Bioimaging ընկերությունը ՄՀԵԿ-ի հետ լիցենզիոն պայմանագիր է կնքել այս տեխնոլոգիան սարքի կոմերցիոն տարբերակում օգտագործելու մասին:

Մշակման եզակիությունն այն է, որ այն թույլ է տալիս պատկերներ կատարել, որոնցում արտացոլվում է հյուսվածքի միանգամից մի քանի տեսակ, ինչպես նաեւ հայտնաբերել հիվանդությունների նշանները: Ընկերության հրապարակած պատկերների թվում կա, օրինակ, դաստակի պատկեր, որում կարելի է տեսնել ինչպես ոսկրային հյուսվածքը, այնպես էլ մկանները:

Նշվում է, որ օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ ինչպես պատկերներին, որոնք վերակառուցվել են սարքի մեջ դրված ալգորիթմների միջոցով, այնպես էլ վերջնական տվյալներին, որոնք նրանք կարող են մշակել սեփական մեթոդով: Բացի այդ, արտադրողը հայտարարում է ճառագայթման ցածր մակարդակի մասին, ինչը պետք է երկարատեւ հետազոտությունների ժամանակ հեշտացնի բժիշկների խնդիրը եւ թույլ տա մեծ պատկերներ կատարել առանց առողջության համար վտանգի:

Սպասվում է, որ արդեն առաջիկա ամիսներին նորզելանդական կլինիկաների ռեւմատոլոգիական եւ օրթոպեդիկ բաժանմունքների հիվանդներն այս սարքով հետազոտվելու հնարավորություն կստանան, նշվում է ՄՀԵԿ կայքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում