Ոտքով զբոսանքները եւ մարզադահլիճում մարզումները մարդու հոգեկան վիճակը բարելավում են

11 օգոստոսի, 2018  18:15

Ոտքով զբոսանքները եւ մարզադահլիճում մարզումները մարդու հոգեկան վիճակը բարելավում են: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի եւ Յելի համալսարանների հետազոտության արդյունքները:

Հետազոտությանն ընդգրկվել է 1,2 մլն մարդ: Պարզվել է, որ մարզումների սիրահարները տարվա ընթացքում ավելի քիչ թվով օրեր են անցկացրել սթրեսի եւ դեպրեսիայի վիճակում: Միաժամանակ, մասնագետները նախազգուշացնում են, որ մարզումների դեպքում անհրաժեշտ է հետեւել որոշակի ռեժիմի, այլապես հակառակ արդյունք կստացվի:

Նրանք, ովքեր շաբաթական 5 անգամից ավելի են մարզվել կամ օրական 3 ժամից ավելի, արդյունքում հոգեկան առողջության ավելի վատթար ցուցանիշներ են ունեցել, քան սպորտից հեռու մարդիկ: Առավել մեծ դրական արդյունք են ապահովել շաբաթական 3-5 անգամ 45-ական րոպե տեւողությամբ մարզումները: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ժամանակի այս շեմը գերազանցել:

Հետազոտողները համոզված են, որ օգտակար կարող է լինել ցանկացած ֆիզիկական ակտիվություն: Նույնիսկ տնային տնեսությունն ու այգեգործությունը կարող են 10 տոկոսով կրճատել դեպրեսիվ վիճակի տեւողությունը:

Գիտնականների գնահատականներով՝ սպորտի թիմային ձեւերը 22 տոկոսով կրճատում են այն ժամանակը, որը մարդն անցկացնում է վատ հոգեկան վիճակում: Այնուհետեւ հաջորդում են հեծանիվ վարելը (21 տոկոսով), մարզադահլիճ հաճախելը (20 տոկոսով), վազքը (19 տոկոսով) եւ ոտքով զբոսանքները (18 տոկոսով):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում