Ցածրածխաջրային սննդակարգը կյանքի համար վտանգավո՞ր է

30 օգոստոսի, 2018  22:17

Այսօր անչափ տարածված ցածրածխաջրային սննդակարգը իրականում մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին վկայում են ծավալուն հետազոտության տվյալները, որոնք ներկայացվել են Մյունխենում Սրտաբանների եվրոպական միության Կոնգրեսում:

Ինչպես պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լոձի Բժշկական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Մացեյ Բանախը, մասնագետներն ուսումնասիրել են ցածրածխաջրային սնունդի եւ 1999-2010 թվականներին տարբեր պատճառներով մահացության միջեւ փոխկապվածությունը: Հետազոտությունն անցկացվել է միջինը մոտ 47 տարեկան 24 825 կամավորների շրջանում (որոնց 51 տոկոսը կին էր): Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սրտի իշեմիկ հիվանդությանը, ուղեղավասկուլյարային հիվանդությանը՝ ներառյալ կաթվածին եւ քաղցկեղին:

Մասնակիցներին խմբերի են բաժանել՝ կախված նրանց սննդակարգում ածխաջրերի քանակությունից: Միայն 6,4 տարվա դիտարկումների տվյալները ցույց են տվել, որ ցածրածխաջրային սնունդին հետեւողների շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 32 տոկոսով մեծանում է՝ միջինվիճակագրական ցուցանիշների համեմատությամբ: Ընդ որում՝ սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի եւ օնկոլոգիայի հետեւանքով մահանալու սպառնալիքը մեծացել է համապատասխանաբար՝ 51, 50 եւ 35 տոկոսով՝ այն մարդկանց տվյալների համեմատությամբ, որոնք այս սննդակարգին չեն հետեւել:

«Ցածրածխաջրային սննդակարգերը կարող են օգտակար լինել կարճաժամկետ հեռանկարում՝ նիհարելու, արյան ճնշումն իջեցնելու եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկողությունը բարելավելու համար: Սակայն հետագայում դրանք դառնում են սիրտ-անոթային, ուղեղավասկուլյարային հիվանդությունների եւ չարորակ ուռուցքների առաջացման պատճառներից մեկը: Նման էֆեկտն, ամենայն հավանականությամբ, կապված է կենդանական սպիտակուցների եւ ճարպերի օգտագործման մեծացման հետ, ինչպես նաեւ օրգանիզմ բուսական ծագման բջջանյութի եւ այլ հանքանյութերի անբավարար մատակարարման հետ»,- ասել է պրոֆեսոր Բանախը:

Դրանից բացի, պարզվել է, որ ածխաջրերի փոքր պարունակությամբ սննդակարգն առավել մեծ բացասական ազդեցություն է ունենում ճարպակալմամբ չտառապող 55-ն անց մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում