Աշակերտի սնվելու եւ քնի ռեժիմի խանգարումը կարող է բերել բացասական հետեւանքների. փորձագետ

31 օգոստոսի, 2018  16:34

Աշակերտի սնվելու եւ քնի ռեժիմի խանգարումը կարող է բերել բացասական հետեւանքների: Այս մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թերապեւտ Լամարա Մանուկյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ աշակերտը պետք է 4 անգամ սնվի: Երեխայի սննդակարգում կարեւոր դեր ունի նախաճաշը, նույնիսկ եթե այն կազմված է միայն մեկ բաժակ կաթից: Երկրորդ նախաճաշին կատարելապես համապատասխանում են անյուղ մսով բուտերբրոդները կամ յոգուրտը:

Թերապեւտն ընդգծեց, որ ճաշը պարտադիր պետք է ներառի ապուր եւ աղցան: Պետք է ընթրել ոչ ուշ, քան քնելուց 2 ժամ առաջ, ընդ որում՝ ցանկալի է երեկոյան սննդակարգի մեջ ընդգրկել կաթնաթթվային մթերքներ (յոգուրտ կամ մածուն):

Ինչ վերաբերում է քնի ռեժիմին, ապա մինչեւ 12 տարեկան երեխաները պետք է օրական քնեն 11 ժամից ոչ պակաս, իսկ ավելի ավագ տարիքի երեխաները՝ 9 ժամ: Քնի ռեժիմի խանգարումը կարող է այնպիսի հետեւանքների բերել, ինչպիսին է քրոնիկական հոգնածությունը եւ ճարպակալումը:

Մանուկյանը տեղեկացրեց, որ դպրոցական տարիքում կարող են զարգանալ հենաշարժողական ապարատի խնդիրներ, ինչի հետ կապված արժի, որ ծնողներն այս հարցին մեծ ուշադրություն դարձնեն: Այսպես՝ աթոռը եւ աշխատանքային սեղանը, որի վրա երեխան կատարում է տնային առաջադրանքները, պետք է առավելագույնս հարմարեցված լինեն նրա տարիքին:

Դրանից բացի, 1-2-րդ դասարանների աշակերտների դպրոցական ուսապայուսակի քաշը 2 կգ-ից չպետք է անցնի, 4-5-րդ դասարանների աշակերտներինը՝ 2,5 կգ-ից, 5-6-րդ դասարանների՝ 3,5 կգ-ից, 6-րդ եւ ավելի բարձր դասարանների՝ 4,5 կգ-ից: Փորձագետը խորհուրդ է տալիս ողնաշարի հետ կապված խնդիրները լուծել լողի եւ բուժական մարմնամարզության օգնությամբ:

Եվս մեկ կարեւոր ասպեկտ է երեխայի մոտ  տեսողության կամ լսողության խնդիրների առկայությունը, որի վրա ծնողները պետք է ուշադրություն դարձնեն: Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով երեխաները կարող են շատ խոնարհվել դասագրքի եւ տետրերի վրա, ինչն արդյունքում նույնպես վատ կանդրադառնա նրանց ողնաշարի վրա: Լսողության հետ կապված խնդիրների արդյունքն է բանավոր շարադրմամբ ուսումնական նյութի վատ յուրացումը:  

Մանուկյանը նշեց, որ մանկական օրգանիզմի վրա օգտակար ազդեցություն են ունենում բացօթյա խաղերը, ինչպես նաեւ վիտամինային կոմպլեքսի ընդունումը, որը ներառում է А, С եւ D վիտամիններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում