Ինչպե՞ս ճիշտ ուտել՝ առողջությունը պահպանելու համար

4 սեպտեմբերի, 2018  22:32

Տասը ժամվա ընթացքում կալորիաների օրական չափաբաժնի ընդունումն օգնում է փոխհատուցել մետաբոլիզմի խնդիրները, որոնք կապված են օրվա ցիկլի խախտման հետ: Նման եզրահանգման են եկել Քալիֆորնիայի Սոլքի ինստիտուտի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում:

Մի շարք կենդանիների, ինչպես նաեւ մարդկանց մոտ կան գեներ, որոնք սատարում են ցիրկադային ռիթմերը: Դրանք, իրենց հերթին, պատասխանատու են օրվա ընթացքում տարբեր գեների ակտիվության համար: Մասնավորապես, դրանք ցերեկը «միացնում» են մարսողության գեները, իսկ գիշերը՝ բջջային վերանորոգման գեները:

Որոշ մարդկանց մոտ հիվանդությունների, ժամային գոտիների փոփոխությամբ, հաճախ էլ՝ պարզապես տարիքի պատճառով այդ ռիթմերը խախտվում են: Այդ դեպքում օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն պահպանել սնունդը մարսելու եւ նյութափոխանակության գործառույթի ժամանակների միջեւ հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների:

Հետազոտողները մկների մոտ «անջատել» են ցիրկադային ռիթմերի համար պատասխանատու գեները եւ կրծողներին երկու խմբի բաժանել: Առաջին խումբը սննդին շուրջօրյա հասանելիություն է ունեցել, իսկ մյուսները՝ միայն 10 ժամ: Արդյունքում առաջին խմբի մկների մոտ դիաբետ, ճարպակալում եւ լյարդի ճարպային հիվանդություն են ախտորոշել, իսկ երկրորդ խումբն առողջ է եղել:

Գիտնականների խոսքով՝ գիտափորձը ցույց է տվել, որ սնունդ ընդունելու ժամերի սահմանափակումն օգնում է պահպանել առողջությունն ու երկարացնել կյանքը՝ նույնիսկ բիոռիթմերի խախտման դեպքում: Առաջիկայում հետազոտողները ծրագրում են նման փորձեր անցկացնել մարդկանց մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում