Ի՞նչ կպատահի, եթե երբեք միս չուտենք

8 սեպտեմբերի, 2018  14:53

Վերջին հետազոտության ընթացքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ կենդանական ճարպից հրաժարվելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

«Օրգանիզմն առանց մսի չի ստանում նյութեր, որոնք կարեւոր են առանցքային կենսաբանական համակարգերի աշխատանքի համար: Աուտոիմունային հիվանդություններ, մկանային համակարգի խնդիրներ, գլխացավեր, ինչպես նաեւ մեծ թվով այլ տհաճություններ՝ ահա թե ինչ է սպասում այն մարդկանց, որոնք հրաժարվում են մսից»,- հայտնում են գիտնականները:

Դեռեւս էվոլյուցիայի ընթացքում մսի գործածումը օգնել է մարդկության զարգացմանը որպես կենսաբանական տեսակ. կենդանական ծագման սպիտակուցներում պարունակվող վիտամինները ակտիվորեն նպաստել են ուղեղի մեծացմանը, որի շնորհիվ մեր տեսակը կարողացել է հաղթահարել զարգացման շատ աստիճաններ՝ մեզ բերելով ներկայիս Homo sapiens-ին, նշված է Naked Science ամսագրում:

Սակայն արժի նշել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումների մասին, որի փորձագետները միսը եւ նրա հիմքով մթերքները դասում են ուռուցքային հիվանդություններ առաջացնող քաղցկեղածինների շարքին: Այնպես որ, ամեն ինչ լավ է չափի մեջ, իսկ «կանաչ սննդակարգի» հետեւորդները արժի, որ մտահոգվեն կենդանական ճարպի որակյալ փոխարինման մասին, որպեսզի օրգանիզմը ստանա վիտամինների եւ միկրոտարրերի անհրաժեշտ քանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում