Նոր հավելվածը կօգնի Երեւանի դեղատներում հեշտությամբ գտնել անհրաժեշտ դեղը

16 սեպտեմբերի, 2018  16:39

Հայ երիտասարդները նոր հավելված են մշակել, որը կօգնի Երեւանի դեղատներում գտնել անհրաժեշտ դեղը, պարզել նրա գինը եւ անհրաժեշտության դեպքում այն «պահեստավորել» առաջիկայում գնելու համար:

FastMed հավելվածի հեղինակ Գրիգոր Կորկոտյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ անձամբ ինքը բազմիցս բախվել է դեղերի որոնման խնդրին. երբեմն բազմաթիվ դեղատներ է այցելել մեկ դեղ գտնելու համար:

«Ես մտածեցի՝ ինչո՞ւ մեկ ընդհանուր հարթակ չկա, որտեղ կարելի է պարզել, թե որ դեղատանը կա անհրաժեշտ դեղը»,- ասաց նա:

Այսպես էլ ծնվել է հավելվածի մշակման գաղափարը, որը կարող է թեթեւացնել բոլոր երեւանցիների կյանքը: Առայժմ հավելվածը ներառում է Երեւանի միայն 12 դեղատներ, սակայն մշակողները հույս ունեն ապագայում գրանցել քաղաքի բոլոր կամ գրեթե բոլոր դեղատները, իսկ հնարավոր է՝ նաեւ երկրի: Ապագայի այլ ծրագրեր էլ կան, օրինակ՝ հավելվածին ավելացնել դեղը տուն բերելու պատվերի հնարավորությունը:

Ինչպես պատմեց Գրիգոր Կորկոտյանը, հավելվածի այլ հետաքրքիր գործողությունները ներառում են դեղագործի հետ անվճար խորհրդատվություն, ինչպես նաեւ անընթեռնելի դեղատոմսի լուսանկարը դեղագործին ուղարկելու եւ «վերծանված» տեքստային տարբերակը ստանալու հնարավորություն:

Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում, իսկ շուտով տարբերակ կթողարկվի նաեւ App Store-ի համար: Հիմա տարվում են նաեւ կայքի ստեղծման աշխատանքներ:

«Մեր հավելվածի գլխավոր խնդիրն է մարդկանց համար հեշտացնել դեղերի որոնումը, հատկապես տարեցների, երիտասարդ ծնողների համար, որոնք դժվարանում են ժամերով դեղատներ այցելել դեղերի որոնմամբ»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում