Վահանաձեւ գեղձի հիվանդություններ. ռիսկի գործոնները

25 մայիսի, 2014  14:31

Աշխարհում վահանաձեւ գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է, հայտնել են մասնագետները։ Վերջին 5-10 տարիների ընթացքում նաեւ աճել է վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը։ Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանի հետ զրուցելիս NEWS.am Medicine-ը փորձեց պարզել, թե որոնք են վահանաձեւ գեղձի մի շարք հիվանդությունների առաջացման գործոնները։

Էնդոկրինոլոգի խոսքերով, ախտորոշման ժամանակակից  մեթոդները զգալիորեն բարելավվել են, եւ այսօր դրա շնորհիվ բժիշկները կարող են ավելի վաղ հայտнաբերել ուռուցքներն ու վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունները։ Սակայն հիվանդների թիվը աճել է՝ անկախ ախտորոշման հնարավորությունների բարելավումից։

Դիտարկենք ռիսկի հիմնական գործոնները, որոնք մեծացնում են վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։

1. Յոդի պակաս կամ ավելցուկ. Վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, եւ դրա պակասը ինչպես նաեւ ավելցուկը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Քանի որ հայերին բնորոշ է յոդի պակասը, դրան առնչվող հիվանդությունները այստեղ շատ տարածված են։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե ովքեր են գտնվում ռիսկային խմբում, ինչպես կարելի է իմանալ, թե օրգանիզմում յոդի պակաս կա, թե ոչ, եւ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են պետք յոդի պակասի հետեւանքով առաջացող հիվանդություններից խուսափելու համար: Ի դեպ, յոդի պակասի հետեւանքով առաջացող վահանաձեւ գեղձի հիվանդությունները կանանց մոտ ավելի հաճախ են պատահում, քան տղամարդկանց. այս մասին մենք նույնպես տեղեկացրել ենք։

2. Ժառանգականություն. ինչպես ուռուցքների, այնպես էլ վահանագեղձի այլ հիվանդությունների գենետիկ նախահակումը նույնպես մեծ նշանակություն ունի։ Եթե ընտանեկան պատմության մեջ կան բարեկամներ, ովքեր տառապել են խպիպ կամ այլ հիվանդություններով, ապա պետք է կրկնակի զգոն եւ զգույշ լինել։

3. Կենսակերպ. ենթադրվում է, որ ծխելը նպաստում է թունավոր խպիպի առաջացմանը։ Նաեւ ծխողների մոտ գրեթե 7-8 անգամ ավելի հաճախ է հանդիպում ցայտուն արտահայտված էկզոֆտալմ- ակնակապիճից դուրս ցցված աչքեր։

4. Էկոլոգիա. բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են ազդել վահանաձեւ գեղձի աշխատանքի վրա։ Շատ մեծ դեր ունեն նաեւ տարբեր «վնասակար» արտադրությունները։

5. Ռադիացիա. ինչպես ասաց Էդվարդ Թորոմանյանը, Չերնոբիլից հետո Ուկրաինայում եւ Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձեւ գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը, եւ նրանց թիվը մինչ այժմ աճում է, չնայած այսքան տարի է անցել։ Հատկապես ավելի հաճախ այն հանդիպում է երեխաների մոտ, քանի որ նրանց վահանաձեւ գեղձը ավելի մեծ քանակությամբ ռադիոակտիվ յոդ է կլանում եւ նրա աշխատանքը  խախտվում է։ Ֆուկուսումայում վթարից հետո զգալիորեն ավելացել է վահանաձեւ գեղձի ուռուցք ունեցող երեխաների թիվը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում