Ինչի՞ կարող է հանգեցնել սթրեսը ստամոքսի խոցային հիվանդության դեպքում

5 հոկտեմբերի, 2018  22:32

Հիվանդի հոգեկան հուզական վիճակը ազդում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցի ընթացքի վրա: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը:

Ինչպես նշվել է, հիվանդի սթրեսային վիճակը միայն ուժեղացնում է գործոնները, որոնք ազդում են հիվանդության ընթացքի վրա:

«Սթրեսը ոչ միայն ծանրացնում է խոցային հիվանդության ընթացքը, այլեւ պատճառ է դառնում, որ բարդացումները զարգանում են առավել ծանր ձեւով», - նշեց նա: Միրիջանյանը մատնանշեց, որ հիվանդի ճնշված հոգեկան էմոցիոնալ վիճակը կարող է սրել արյունահոսությունը: «Մինչդեռ արյունահոսությունը ծանրագույն բարդություն է, որը կարող է մահացու լինել», - ընդգծեց նա:

Ստամոքսի խոցի զարգացմանը նպաստող գործոններն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Իր հերթին, նյարդահոգեբանական գերլարվածությունը, սթրեսը, դեպրեսիան եւ անհանգիստ վիճակները կարող են հանգեցնել ստամոքսահյութի գեղձազատման բարձրացմանը՝ թափառող նյարդի տոնուսի բարձրացման արդյունքում (այսպես կոչված «սթրեսային խոց»):

Փորձագետները նաեւ մատնանշում են անկանոն, չոր սնվելու, կիսաֆաբրիկատների եւ կոնցենտրատների չարաշահման, ինչպես նաեւ կծու, ապխտած, տապակած սննդի բացասական ազդեցության մասին:

ԱՀԿ-ի տվյալներով, հոգեկան առողջության առավել տարածված խնդիրներից են դեպրեսիան եւ անհանգստությունը: Աշխարհում, ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայից, որը հաշմանդամության առաջնային պատճառներից մեկն է, եւ ավելի քան 260 միլիոն մարդ տառապում է անհանգստության խանգարումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում