Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար

10 հոկտեմբերի, 2018  22:37

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարեւոր է ոչ միայն հետեւել սննդին....Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար: Համապատասխան նախագծի վրա աշախատել են Միչիգան նահանգի EpidStat ինստիտուտի ամերիկացի մասնագետները եւ Յուտա նահանգի DLW Consulting Services հետազոտական ընկերության աշխատակիցները:

Focus ամսագիրը հաղորդում է, որ վերլուծելով 7 հետազոտությունները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվերը ոչ միայն չեն բարձրացնում սրտի իշեմիկ հիվանդության եւ կաթվածի զարգացման վտանգը, այլ ընդհակառակը՝ օրական մեկ ձվի օգտագործումը կարող է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը:

Ելնելով նրանից, որ ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակվել են այլ հետազոտություններ այն մասին, որ հավի ձվերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, Focus-ը մեկնաբանությունների համար դիմել է սրտաբաններին:

Այսպես, Սրտի գերմանական հիմնադրամի վարչության անդամ Գելմուտ Գոլկեն նշել է, որ կարեւոր դեր են խաղում այն մթերքները, որոնց հետ ձվերն օգտագործում են: Օրինակ՝ բեկոնի հետ ձվերն ուտելը կարող է բացասական ազդեցություն ունենալ անոթների վրա:Սակայն նրանք, ովքեր հիմնականում հետեւում են միջերկրյածովյա սննդակարգին, կարող են չվախենալ խոլեստերինի բարձրացումից:

Ընդ որում նրա խոսքով, սնունդը միայն մասնակի է ազդում խոելեստերինի մակարդակի վրա, քանի որ այս դեպքում հիմնական դերը խաղում են գեները:

Ամսագրի զրուցակից փորձագետները համակարծիք են եղել, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարեւոր է ոչ միայն հետեւել սննդին, այլեւ առողջ կենսակերպ վարել, այսինքն հրաժարվել ծխելուց եւ ֆիզիկական վարժություններ անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում