Գիտնականները գեների խմբագրման միջոցով սաղմ են ստեղծել երկու էգ ծնողներից

13 հոկտեմբերի, 2018  13:20

Չինացի գիտնականները կարողացել են մկներ ստեղծել երկու էգերի ԴՆԹ-ի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է Cell Stem Cell գիտական պարբերականը:

Պարտենոգենեզը՝ անսեռ բազմացումն օգտագործում են, օրինակ, օձերն ու ձկները: Այս դեպքում իգական սեռական բջիջները մեծահասակ օրգանիզմում զարգանում են առանց բեղմնավորման: Չինացի գիտնականները որոշել են համապատասխան փորձեր կատարել մկների վրա՝ օգտագործելով հապլոիդային սաղմնային ցողունային բջիջներ (ՍՑԲ): Դրանք պարունակում են մեկ ծնողի քրոմոսոմների եւ ԴՆԹ-ի նորմալ քանակության կեսը:

Փորձի շրջանակում առաջին անգամ հեռացվել են մեկ էգի հապլոիդային ՍՑԲ-ից կազմված գենոմի 3 իմպրինտինգային հատվածներ: Այս միջամտությունից հետո դրանք դրվել են իգական սեռի մեկ ուրիշ առանձնյակի ձվաբջիջների մեջ: Այս ճանապարհով հաջողվել է ստեղծել մկների 210 սաղմ: Ծնվելուց հետո կրծողների գերակշիռ մեծամասնությունը ողջ չի մնացել: Ընդամենը 29 մկնիկի է հաջողվել ոչ միայն առողջ մեծացնել, այլեւ նրանք հետո սերունդ են տվել:

Գիտնականները փորձել են նման փորձը կրկնել նաեւ 2 արուների հետ, սակայն փորձնական ճանապարհով ստացված մկնիկները կենսունակ չէին եւ 48 ժամվա ընթացքում սատկել են:

Միաժամանակ, հաշվի առնելով առկա թերությունները, փորձագետների մի մասը քննադատաբար է վերաբերվում այս մեթոդին: Օրինակ՝ Վեյցմանի ինստիտուտի մոլեկուլյար գենետիկ Ջեյքոբ Հանան նշում է, թե հաշվի առնելով, որ սաղմերի մեծ մասը զարգացման արատներ է ունեցել եւ ողջ չի մնացել, գրեթե անհնար է կլինիկական փորձարկումների թույլտվություն ստանալ:

Քարնեգի ինստիտուտից Ալան Սփրեդլինգն, իր հերթին, կասկած է հայտնել, որ այս մեթոդն ապագայում կարող է լայնորեն տարածվել, եւ մարդիկ կունենան երկու մայր կամ երկու հայր: Նշվում է, որ այս մեթոդի ներդրման հետեւանքները դեռեւս միանգամայն անհասկանալի են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում