Գիտնականները թրոմբի դեմ պատվաստանյութ են մշակում

2 նոյեմբերի, 2018  10:47

Հավանաբար, բոլորն են տեղյակ թրոմբների վտանգավորության մասին. թրոմբը կարող է մարդուն սպանել հաշված վայրկյանների ընթացքում՝ առանցքային անոթներով արյան հոսքը փակելով: Մարդկանցից շա տերը թրոմբների առաջացումից խուսափելու համար հատուկ դեղեր են խմում, որոնք արյունը ջրիկացնում են: Սակայն այս դեղամիջոցները մեծացնում են արյունահոսությունների վտանգը: Օսակայի համալսարանի գիտնականները ներկայացրել են առավել անվտանգ այլընտրանք՝ S100A9 նոր պատվաստանյութը:

Պատվաստանյութն արդեն ստուգել են կրծողների վրա, եւ պարզվել է, որ այն ներարկումից հետո ավելի քան 2 ամիս թրոմբների առաջացումից արդյունավետորեն պաշտպանել է: Կարեւորն այն է, որ պատվաստանյութը աուտոիմունային ռեակցիաներ չի առաջացնում եւ չի մեծացնում արյունահոսությունների զարգացման հավանականությունը:

Հայտնի է, որ S100A9 պատվաստանյութը համեմատել են նաեւ կլոպիդոգրելի հետ, որը ստանդարտ թերապիայի միջոց է: Պարզվել է, որ նոր պատվաստանյութը եւ հակակոագուլյանտը հավասարապես արդյունավետ են գործել:

Գիտնականներն այժմ փորձարկումները շարունակում են եւ հույս ունեն մոտ ապագայում լիարժեք կլինիկական հետազոտություններ անցկացնել: Բայց կարեւոր է հասկանալ, որ մարդկանց եւ լաբորատոր մկների օրգանիզմի աշխատանքում մեծ թվով տարբերություններ կան: Այս պատճառով գիտնականները դեռեւս չեն կարող համոզված լինել, որ մարդու իմունային համակարգը պատվաստանյութին նույն կերպ կարձագանքի, ինչպես մկների օրգանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում