Մազի ներկի պատճառով աղջկա դեմքն այտուցվել է (վիդեո)

30 նոյեմբերի, 2018  12:56

Թխահեր դառնալու 19-ամյա ֆրանսուհի Էստելի ցանկությունը առողջության համար լուրջ հետեւանքներ է ունեցել: Le Parisien-ը հաղորդում է, որ ուժեղ ալերգիայի պատճառով աղջկա դեմքը զգալիորեն այտուցվել է:

Էստելը մազի ներկը գնել է սուպերմարկետից: Աղջիկն անտեսել է այն զգուշացումը, որ ալերգիկ ռեակցիայի թեստի արդյունքը երկու օրից է պարզ դառնում եւ ինքնակամ այդ ժամանակահատվածը 30 րոպեի է կրճատել:

Նման չմտածված արարքի հետեւանքները շուտով ի հայտ են եկել. ներկելուց մի քանի ժամ անց, նրա գլխի մաշկը սկսել է ուռել: Պարզվել է, որ աղջկա մոտ պարաֆենիլենդիամինից ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացել:

Էստելի դեմքը, լեզուն ուժեղ այտուցվել են. նա սկսել է շնչահեղձ լինել: Արդյունքում նա հոսպիտալացվել է եւ լուրջ բուժում անցել: Աղջիկը խոստովանում է, որ հիմարություն է արել՝ ուշադրություն չդարձնելով թեստի անցկացման ժամկետներին եւ կոչ է անում մյուսներին չկրկնել իր սխալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում